Տնտեսական բաղադրիչը բարեփոխումների օրակարգում առանցքային է. Էկոնոմիկայի նախարարը՝ Գերմանիայից պատվիրակությանը
Տնտեսական բաղադրիչը ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգում առանցքային տեղ է զբաղեցնում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի պատգամավորների պատվիրակության հետ հանդիպման ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի պատգամավորների պատվիրակության անդամներին ուղեկցում էր ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Քլաուս Վենդելբերգերը։ Վերջինս ներկայացրել է պատվիրակության կազմը՝ ընգդծելով, որ երկրամասը ակտիվ համագործակցում է Հայաստանի հետ մի շարք ոլորտներում, եւ կարիք կա ակտիվացնելու տնտեսական համագործակցությունը եւս։ Դիվանագետի խոսքով՝ հենց այդ պատճառով խիստ հատկանշական է, որ պատգամավորների այցը սկսել է Էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպմամբ։
Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է ներկա սոցիալ-տնտեսական ցուցանիշները, նշել, որ դրանք հեռու են նախանշված նպատակներից։ Նա կարեւորել է նաեւ արտահանելի տնտեսությանը միտված քայլերի անհրաժեշտությունը։
«Ունենք ցանկություն եւ հաստատակամություն՝ արագ փոխելու իրավիճակը։ Դա է պատճառը, որ կառավարությունն իր առաջիկա տնտեսական քաղաքականության առանցքում տեսնում է այնպիսի հնարավորությունների ստեղծումը, որ տնտեսությունը դառնա ավելի մրցունակ, արտադրողական, ներառական եւ ստեղծի ավելի բարձր արժեքներ։ Կառավարությունը հանձնառու է տնտեսական կյանքի վրա կոռուպցիայի ներգործության բացառմանը եւ հավասար պայմանների ապահովմանը»,- ավելացրել է նա։
Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է նաեւ Հայաստանի տնտեսությանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության աջակցության արդյունքներին, մասնավորապես՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող ծրագրերին եւ փորձագիտական աջակցությանը։ Նախարարը կարեւորել է նաեւ KFW բանկի կողմից աջակցություն ստացած ենթակառուցվածքների բարելավման ծրագրերը, որոնք ֆինանսական օժանդակությունից զատ բերում են նաեւ կորպորատիվ կառավարման մշակույթ եւ առավել բարձր արդյունավետությամբ կառավարում։
Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք առնչվում էին հիմնականում ներդրումային ներուժ ունեցող ոլորտների եւ ծրագրերի իրականացմանը գերմանական մասնակցությանը, եւ հույս հայտնել, որ գերմանացի գործընկերների հետ համագործակցությունը կշարունակի լինել արդյունավետ եւ փոխշահավետ։