Քրոջ որդուն վիրահատության էին տանում. մանրամասներ ողբերգական վթարից
Արագածավանից դեպի Գյումրի ավտոճանապարհին ողբերգական վթարից մահացածները քույր ու եղբայր էին և Գյումրի էին շտապում վիրահատության: Այս մաիսն News.am լրատվականին ասել է Արագածավանի համայնքաապետ Անդրանիկ Պապիկյանը` նշելով, որ քրոջ որդուն էին տանում վիրահատության:
Նա նշել է, որ 42-ամյա Վահագն Հակոբյանը ՌԴ-ից նոր էր վերադարձել, ամուսնացած չի եղել:
«Եղբայրն ու քույրը քրոջ որդուն են ցանկացել տանել Գյումրի վիրահատության համար, երբ դեպքը տեղի ունեցավ, առաջինը ես եմ հասել դեպքի վայր, ահասարսուռ տեսարան էր: Չեմ հասկանում՝ ինչի նման բան տեղի ունեցավ, հանգիստ էր միշտ վարում մեքենան, երևի շտապել են»,- ասաց համայնքապետը:
Ավելի վաղ Operativ լրատվականը, հղում կատարելով Shamshyan.com-ին, հայտնել էր, որ օգոստոսի 10-ին ժամը 08։00-ի սահմաններում Արագածավան գյուղի բնակիչ 42-ամյա Վահագն Հակոբյանը իր վարած Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենայով Արագածավան-Գետափ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում՝ դեպի Գյումրի ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում։
Վարորդ Վ․ Հակոբյանը Թալինի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Իսկ ուղևորներ՝ Արագածավան գյուղի բնակիչներ՝ 50-ամյա Զարինե Հակոբյանն ու 22-ամյա Մելիք Գրիգորյանը տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն։ Այնտեղ որոշ ժամանակ անց Զ․ Հակոբյանը մահացել է։