Ռոնալդինյո-Մեսսի...Մեսսի-Նեյմար. պատմությունը կրկնվու՞մ է
Հաճախ կարելի է լսել, որ Ռոնալդինյոն աշխարհի վերջին 4 տարիների լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Լեո Մեսսիի ֆուտբոլային կնքահայրն է:
2003-2008 թվականներին հենց բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստն էր օգնում Մեսսիին զարգացում ապրել «Բարսելոնայում», գրում է El Mundo Deportivo-ն: Այժմ նույնը կարծես անում է Մեսսին կատալոնական ակումբ տեղափոխված Նեյմարի համար:
Դեռ «Բարսելոնայում» խաղալու տարիներին Ռոնալդինյոն մեկ անգամ չէ, որ նշել է' «Մեսսին դառնալու է լավագույնն աշխարհում, նա ինձանից լավ է խաղում»: Ռոնալդինյոյի խոսքերը, կարծես, իրականություն են դարձել, և հիմա Մեսսին իր կուտակած փորձը փոխանցում է Նեյմարին...ով գիտե, գուցե նրան աշխարհում լավագույնը դարձնելու ակնկալիքով:
Վերոնշյալ աղբյուրը գրում է, որ մարզումների ժամանակ, խաղադաշտում Մեսսիի և Նեյմարի շփումը, անգամ միմյանց ժպտալը շատ է հիշեցնում հենց Ռոնալդինյո-Մեսսի հարաբերությունները: Տարիքային տարբերությունը ևս շատ նման է. Դինյոն մեծ էր Մեսսիից 7 տարով, իսկ արգենտինացին Նեմարից' 5: Այնպես որ, ինչպես շատ պատմություններ, այս մեկն էլ կարծես կրկնվում է' եզրահանգում է El Mundo Deportivo-ն: