Ղրղզստանի ՆԳՆ-ն նախկին նախագահ Ատամբաևի տանը հայտնաբերել է 11 միավոր հրազեն
Ղրղզստանի իրավապահ մարմինները երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևի տանը նրան ձերբակալելու նպատակով ձեռնարկված գրոհից հետո հայտնաբերել են 11 միավոր հրազեն և ռազմամթերք, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ մամուլի ծառայությանը:
«2019 թվականի օգոստոսի 8-ին Ալամեդինսկյան շրջանի Կոյ-Տաշ գյուղում ՆԳՆ աշխատակիցների կողմից նախկին նախագահ Ա. Ատամբաևին ձերբակալելուց հետո նրա տան զննմամբ միլիցիոներները հայտնաբերել և առգրավել են տարբեր տեսակի հրազեն և ռազմամթերք… Ընդհանուր առգրավվել է 11 միավոր հրազեն և ռազմամթերք»,- նշված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունից հստակեցրել են, որ առգրավվել է դիպուկահար հրացան, 2 կարաբին, 4 ատրճանակ և 4 հրացան: Առգրավվել է նաև զենք, որը խլվել էր ԱԱՊԿ հատուկ ստորաբաժանման աշխատակիցներից՝ 7 միավոր 12 մմ տրամաչափի օդամղիչ հրացան՝ նախատեսված ռետինե փամփուշտներով կրակելու համար»:
Հիշեցնենք, որ մայրաքաղաքի Մայիսմեկյան շրջանային դատարանի որոշմամբ Ատամբաևին մինչև օգոստոսի 26-ը տեղափոխել են Ազգային անվտանգության պետական կոմիտեի քննչական մեկուսարան: Նա ձերբակալվել էր օգոստոսի 8-ին հատուկ գործողության ընթացքում:
Ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ քաղաքական գործիչը կասկածվում է Ղրղզստանի Քրեական օրենսգրքի 319-րդ «Կոռուպցիա» հոդվածը խախտելու մեջ:
Ատամբաևի աջակիցները պատանդ էին վերցրել մի քանի հատուկջոկատայինի :
Ատամբաևը լրագրողներին խոստովանել էր, որ իրեն ձերբակալելու փորձի ժամանակ ինքը կրակել է:
Օգոստոսի 8-ին իրավապահները կրկնակի գրոհ էին իրականացրել, արդյունքում քաղաքական գործիչը հանձնվել էր: Ատամբաևին տեղափոխել էին մեկուսարան :
Երկու օր տևած բախումների արդյունքում տուժել էր 98 մարդ: Մեկ հատուկ ջոկատային հրազենային վնասվածքից մահացել էր: Օգոստոսի 8-ին Ալա-Տոո հրապարակում սկսել էին հարյուրավոր մարդիկ հավաքվել: Մոտավորապես 23:00-ին ոստիկանության աշխատակիցները ցրել էին մարդկանց՝ կիրառելով աղմկաձայնային նռնակներ, ռետինե մահակներ և քարեր:
Operativ լրատվականը հաղորդել էր նաև, որ Ղրղզստանի ՆԳՆ հարցաքնության էին կանչել Ատամբաևի որդուն:
Ղրղզստանի դատարանն էլ կալանք էր դրել նախկին նախագահ Ատամբաևի հեռուստաալիքի գույքի վրա :