Ղրղզստանի դատարանը կալանք է դրել նախկին նախագահ Ատամբաևի հեռուստաալիքի գույքի վրա
«Մեդիա Ֆորում» ԲԸ-ի և «Ապրիլ» հեռուստաալիքի գույքի վրա կալանք է դրվել, հաղորդում է Sputnik-Ղրղզստանը՝ վկայակոչելով ՂՀ ՆԳՆ մամուլի ծառայությանը:
Նույն աղբյուրի վկայությամբ՝ «Ապրիլ» հեռուստաալիքի լրագրողներին ուժայինները վտարել են գրասենյակից, այնուհետ շենքի վրա կնիք դրել: Ըստ մամուլի ծառայության՝ դատարանի որոշմամբ կալանքը դրվել է մինչդատական վարույթի շրջանակում:
«Մինչդատական վարույթի շրջանակում կհարցաքննվեն Ատամբաևի կողմնակիցները՝ հետագա քննչական միջոցառումներն իրականացնելու համար », - ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ մայրաքաղաքի Մայիսմեկյան շրջանային դատարանի որոշմամբ Ատամբաևին մինչև օգոստոսի 26-ը տեղափոխել են Ազգային անվտանգության պետական կոմիտեի քննչական մեկուսարան: Նա ձերբակալվել էր օգոստոսի 8-ին հատուկ գործողության ընթացքում:
Ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ քաղաքական գործիչը կասկածվում է Ղրղզստանի Քրեական օրենսգրքի 319-րդ «Կոռուպցիա» հոդվածը խախտելու մեջ:
Ատամբաևի աջակիցները պատանդ էին վերցրել մի քանի հատուկջոկատայինի :
Ատամբաևը լրագրողներին խոստովանել էր, որ իրեն ձերբակալելու փորձի ժամանակ ինքը կրակել է:
Օգոստոսի 8-ին իրավապահները կրկնակի գրոհ էին իրականացրել, արդյունքում քաղաքական գործիչը հանձնվել էր: Ատամբաևին տեղափոխել էին մեկուսարան :
Երկու օր տևած բախումների արդյունքում տուժել էր 98 մարդ: Մեկ հատուկ ջոկատային հրազենային վնասվածքից մահացել էր: Օգոստոսի 8-ին Ալա-Տոո հրապարակում սկսել էին հարյուրավոր մարդիկ հավաքվել: Մոտավորապես 23:00-ին ոստիկանության աշխատակիցները ցրել էին մարդկանց՝ կիրառելով աղմկաձայնային նռնակներ, ռետինե մահակներ և քարեր:
Operativ լրատվականը հաղորդել էր նաև, որ Ղրղզստանի ՆԳՆ հարցաքնության էին կանչել Ատամբաևի որդուն: