Մեքսիկայում նարկոկարտելը կամրջի վրա կախաղան է հանել և գնդակահարել 19 մարդու
Մեքսիկայի ոստիկանությունն արևմտյան Միչոական նահանգի Ուրուապան քաղաքի տարբեր վայրերում 19 մարդու մարմիններ է հայտնաբերել: Ինը մարդ կախված է եղել կամրջի վրա, յոթը՝ նետվել են ճանապարհի վրա, ևս երեքը՝ այլ վայրում, հայտնում է Associated Press գործակալությունը:
Կամրջի վրա պաստառ է կախվել Խալիսկո՝ Նոր սերունդ նարկոկարտելի տարբեր նշաններով և հակառակորդ նարկոկարտելի՝ Վիագրայի հասցեին սպառնալիքներով. «Եղիր հայրենասեր, սպանիր Վիագրային», գրված է եղել պաստառին:
Ինչպես նշվում է, զոհերի մի մասը գնդակահարվել է, ոմանք եղել են մերկ, մեկ զոհի մարմինը, ենթադրաբար կնոջ, եղել է մասնատված:
Նահանգի գլխավոր դատախազ Ադրիան Լոպես Սոլիսը նշել է, որ այս դեպքը ևս մեկ դրվագ է նարկոկարտելների դաժան պատերազմից: Նրանք պատերազմում են ինչպես իշխանությունների, այնպես էլ իրենց միջև ազդեցության ոլորտների և թմրանյութերի առաքման ուղիների համար: