Հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամն իր ցավակցությունն է հայտնել ցեղասպանագետ Վահագն Տատրյանի մահվան կապակցությամբ
Հայտնի թուրք պատմաբան, Հայոց ցեղասպանության վերաբերյալ աշխատանքներով հայտնի Թաներ Աքչամն իր ցավակցությունն է հայտնել ցեղասպանագետ Վահագն Տատրյանի մահվան կապակցությամբ։
Թաներ Աքչամը Վահագն Տատրյանի մահվան հետ կապված հայկական «Ակոս»–ում գրել է. «Տատրյանն իմ համար ուսուցիչ էր, վարպետ, եւ ամեն ինչից առաջ՝ պահապան հրեշտակ։ Այնքան բան եմ պարտական նրան...։
Նշենք, որ աշխարհահռչակ հայ ցեղասպանագետ Վահագն Տատրյանը կյանքից հեռացել էր օգոստոսի 2–ին՝ 93 տարեկանում :
Վահագն Տատրյանը ծնվել է 1926թ. Ստամբուլում։ Ավարտել է Բեռլինի համալսարանի մաթեմատիկայի, Վիեննայի համալսարանի պատմության և Ցյուրիխի համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետները։ 1970-1991 թթ. սոցիոլոգիա է դասավանդել Նյու Յորքի համալսարանում, միաժամանակ՝ եղել է Հարվարդի համալսարանի Միջին Արևելքի ուսումնասիրությունների և Մասսաչուսեթսի Տեխնոլոգիայի միջազգային ուսումնասիրությունների կենտրոնների ավագ գիտաշխատող։ 1990-ականներին եղել է Հ. Ֆ. Գուգենհայմի ցեղասպանության ուսումնասիրությունների ծրագրի տնօրեն։ 1991 թվականից Զորյան ինստիտուտի (Տորոնտո և Քեմբրիջ) ցեղասպանության հետազոտությունների ծրագրի գիտական տնօրենն էր։
Տատրյանը համեմատական ցեղասպանագիտության հիմնադիրներից է։ Հատկապես արժեքավոր են «Հայկական ցեղասպանությունը խորհրդային և պատմագիտական քննարկումներով» (հայերեն, 1995), «Հայոց ցեղասպանության մեջ գերմանական պատասխանատվությունը։ Պատմական ապացույցի ստուգաբանություն» (անգլերեն, 1996), «Ցեղասպանության երաշխիքը։ Թուրք-հայկական հակամարտության գլխավոր բաղադրատարրեր» (անգլերեն, 1998) մենագրությունները։ Միջազգային իրավունքի համատեքստում հայոց ցեղասպանության վերլուծությանն է նվիրված «Ցեղասպանությունը որպես ազգային և միջազգային իրավունքի հիմնահարց։ Հայկական հարցը Առաջին աշխարհամարտի տարիներին և նրա նկատմամբ ժամանակակից իրավական վերաբերմունքը» (անգլերեն, 1989) աշխատությունը։