Լեհ օրենսդիրները խորհրդարանի նոր խոսնակ են ընտրել
Լեհ օրենսդիրները խորհրդարանի նոր խոսնակ են ընտրել, երբ իշխող կուսակցությունը փորձել է քողարկել սկանդալը՝ կապված արդեն իսկ նախկին խոսնակ Մարեք Կուխչինսկիի՝ կառավարական ինքնաթիռն օգտագործելու հետ, հաղորդում է Associated Press-ը:
Խորհրդարանականների մեծ մասը քվեարկել է Լեհաստանի Ներքին գործերի նախարար Էլջբեթ Վիտեկի օգտին, որը եւ դարձել է լեհական խորհրդարանի նոր նախագահը:
Լրագրողներին հայտնի էր դարձել, որ Կուխչինսկիի գործնական թռիչքների ժամանակ առանց որեւէ հիմնավորման հաճախակի գտնվել են նրա ընտանիքի անդամները, ինչպես նաեւ իշխող կուսակցության ներկայացուցիչներն ընտանիքների հետ: Որպես արդարացում՝ Կուխչինսկին հայտարարել էր, որ դա չէր ավելացրել պետական ծախսերը, իսկ ինքնակամ նվիրաբերել էր 15 հազար լեհական զլոտի բարեգործական նպատակով եւ 28 հազար զլոտի Զինված ուժերի արդիականացման հիմնադրամին:
Ընդդիմությունը հատկապես դժգոհ էր, որ Կուխչինսկին բազմիցս ճամփորդել է կառավարական ինքնաթիռով իր ընտանիքի հետ միասին դեպի հայրենի Մերձկարպատյան շրջան: