Իգոր Խաչատուրովն ընդդեմ Սուրիկ Խաչատրյանի գործի վարույթը կարճվել է
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գրիգորի Վարդանյանի նախագահությամբ օրերս որոշում է կայացրել կարճել Իգոր Խաչատուրովն ընդդեմ Սուրիկ Խաչատրյանի և Լորետա Բարսեղյանի քաղաքացիական գործի վարույթը։ Խոսքը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին պատկանող կառույցը ինքնակամ քանդելուն պարտավորեցնելու գործի մասին է։
Նշենք, որ հայցվորի ներկայացուցիչները հուլիսի 23-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում հրաժարվել են ներկայացրած հայցից և խնդրել կարճել գործի վարույթը:
NEWS.am–ի հետ զրույցում հայցվորի ներկայացուցիչ Գուրգեն Մալխասյանը պարզաբանեց, որ հայցից հրաժարվել են տեխնիկական պատճառներով, քանի որ նույն հայցադիմումը դատարան է ներկայացվել «Դ.Ի.Ա.Ր.-Պ.Ս.» ՍՊԸ-ի անունից, որի գործադիր տնօրենը Իգոր Խաչատուրովն է։
Բանն այն է, որ գործի քննության ընթացքում չափագրում իրականացնելու խնդիր է առաջացել, մինչդեռ դատարանն այս գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում էր կայացրել, իսկ դատավարության այդ փուլում չափագրում իրականացնել հնարավոր չէր։ Նման պայմանաներում հայցվոր կողմը ստիպված է եղել հրաժարվել հայցից և նույն պահանջը ներկայացնել դատարան՝ այս անգամ «Դ.Ի.Ա.Ր.-Պ.Ս.» ՍՊԸ-ի անունից։