Ատամբաևին տեղափոխել են մեկուսարան
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևը մինչև օգոստոսի 26-ը կլինի Ազգային անվտանգության պետական կոմիտեի քննչական մեկուսարանում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Սլեսարևը:
«Մայիսմեկյան շրջանային դատարանի դատավոր Ադիլբեկ Սուբանկուլովը ԱԱՊԿ-ում շտապ արտագնա նիստ է անցկացրել և ընտրել խափանման միջոցը»,- հայտարարել է Սլեսարևը:
Փաստաբանի խոսքով՝ Ատամբաևին նախնական մեղադրանք են առաջադրել քրեական հեղինակություն Ազիզ Բաթուկաևին ապօրինի ազատելու գործով:
Ատամբաևի ձերբակալությունը
Նախկին նախագահը ուժայիններին է հանձնվել հինգշաբթի երկարատև բանակցություններից հետո: Նրան՝ խորհրդականներ Ֆարիդ Նիյազովի և Կունդուզ Ժոլդուբաևայի ուղեկցությամբ բերել են Բիշքեկ: Նախ՝ երկրի ՆԳՆ, այնուհետև տեղափոխել են Ազգային անվտանգության պետական կոմիտեի շենք:
Չորեքշաբթի ուժայինները Ատամբաևին ձերբակալելու առաջին գործողությունն էին ձեռնարկել մայրաքաղաքից 20 կմ հեռավորությամբ գտնվող Կոյ-Տաշ գյուղի նրա նստավայրում: Նրանք հատուկ միջոցներ էին կիրառել նախկին նախագահին պաշտպանողների դեմ: Ատամբաևի կողմնակիցները պատասխան կրակ էին բացել: Այդ ժամանակ չէր հաջողվել նախկին նախագահին ձերբակալել: Հատուկջոկատայիններից մեկը զոհվել էր:
Հինգշաբթի նախկին նախագահի կողմնակիցների և ուժայինների բախումները վերականգնվել էին: Տուժածների թիվը հասել է 98-ի:
Խորհրդարանական խոշոր սոցիալ-դեմոկրատների կուսակցության առաջնորդ Ատամբաևը 2017 թվականին նախագահական ընտրությունների արդյունքում իշխանությունը փոխանցել էր իր ժառանգորդ և մերձավոր համախոհ Սոորոնբայ Ժեենբեկովին: Սակայն շուտով նախկին նախագահի թիմի անդամների դեմ քրեական գործեր էին հարուցվել: Ինքը Ատամբաևը զրկվել էր նախկին նախագահի կարգավիճակից և կասկածվում է մի շարք հանցագործությունների մեջ: Պետության նախկին ղեկավարը բազմիցս հայտարարել է, որ իր համախոհների դեմ բոլոր մեղադրանքները քաղաքական բնույթ ունեն: