«Մյուս ակցիայից առաջ պամպերսներ կտանենք». Սոնա Աղեկյան (Տեսանյութ)
Քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա անցկացնող ցուցարարների հետ վիճաբանությունից հետո բերման ենթարկված քաղաքացին ազատ արձակվեց: Լրագրողների հետ զրույցում Սամվել Ստեփանյանը պատմեց, որ եկել էր քաղաքապետարան դիմում գրելու, սակայն տեսել էր քաղաքապետարանի մոտ թափված աղբը եւ վեճի էր բռնվել ցուցարարների հետ:
«Ես խնդրեցի, ասեցի` եկեք գնանք այնտեղ բողոքենք, որտեղ փող ենք տալիս: Իմ տրամաբանությամբ ոչ թե քաղաքապետարանն է պատասխանատու, այլ ում վճարում եմ, առաջին հերթին նրա պատասխանատվությունն է, դա իմ շենքի համայնատիրությունն է: Գնանք «Սանիթեքի» առաջ, ես պատրաստ եմ»,-ասաց նա:
Սամվել Ստեփանյանը նաեւ ասաց, որ իրեն քաղաքապետարանի մոտ ինչ-որ մեկը խփել է, դրանից էլ ինքը բորբոքվել է:
Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը նույնպես ազատ արձակվեց եւ լրագրողների հետ զրույցում ասաց, որ հերթական անգամ իրենք հաղթանակ արձանագրեցին:
«Քաղաքապետը սուտ խոսելու համար կհագնի այդ կանացի զգեստը եւ կշրջի քաղաքում, միգուցե այդ ավելներից էլ տանք ձեռքը, սակայն հաջորդ ակցիայից առաջ մենք կտանենք պամպերսներ, որ գրասեղանի տակ մտնելուց գոնե երկուական հագնեն, եւ ոչ թե ոստիկանական ջոկատների հետեւում դողան, այլ համարձակություն ունենան իջնեն եւ քաղաքացիներին պատասխան տան»,- ասաց նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սոնա Աղեկյանն իր աջակիցների հետ բողոքի ակցիա է իրականացնում քաղաքապետարանի մոտ, նրանք իրենց հետ ավելներ են բերել: Քաղաքացու եւ ցուցարարների միջեւ սկսված վիճաբանությունից հետո ոստիկանությունը 3 հոգու բերման ենթարկեց: