Ի՞նչ պատճառով Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը չի հեռարձակել Համահայկական խաղերի բացումը (լուսանկար)
Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը 7-րդ Համահայկական խաղերի բացման արարողությունը ուղիղ եթերում չի հեռարձակել տեխնիկական պատճառներով: Այս մասին ի պատասխան News.am-ի գրավոր հարցման հայտնել են Հայաստանի Հանրային հեռուստաընկերության մամուլի ծառայությունից:
«Շարժական հեռուստակայանը, որի միջոցով իրականացվում է նման միջոցառումների ուղիղ հեռարձակումը, անսարքություններ ունի, ինչի հետևանքով Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը օգոստոսի 6-ին հնարավորություն չի ունեցել ուղիղ եթերում հեռարձակելու Ստեփանակերտում 7-րդ Համահայկական խաղերի բացման արարողությունը: Ներկայումս իրականացվում են նորոգման աշխատանքներ: Տեխնիկական խնդիրների պատճառով միջոցառման ուղիղ հեռարձակումը փոխանցվել է «Արմենիա» հեռուստաալիքին: Հանրային հեռուստաընկերությունը բացման արարողությունը լուսաբանել է լուրերի թողարկումներում, ինչպես նաև «Facebook»-յան էջի ուղիղ եթերում»,- նշված է հայտարարության մեջ:
Նշենք, որ օգոստոսի 5-ին պետական բյուջեից շռայլ ֆինանսավորում ստացող Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում տեխնիկական խնդիրներ չէին առաջացել Ստեփանակերտում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքը ուղիղ եթերում հեռարձակելիս: Բացի «Արմենիա» մասնավոր հեռուստաալիքից, օգոստոսի 6-ին բացման արարողությունը հեռարձակել են մասնավոր «5-րդ ալիքը» և «Երկիր մեդիան», մասնակի՝ «Շանթը»: