Ատամբաևի աջակիցները պատանդ էին վերցրել մի քանի հատուկջոկատայինի
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևի աջակիցները երեկ երեկոյան պատանդ են վերցրել մի քանի հատուկջոկատայինի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով նախկին նախագահի շտաբին:
«Նրանք մնում են Ատամբաևի տանը, նրանց հետ ամեն ինչ կարգին է»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Շտաբի ներկայացուցչի խոսքով՝ Ատամբաևի աջակիցները մտադիր չեն հատուկջոկատայիններին վնաս հասցնել և ասել են, թե պատրաստ են նրանց բաց թողնել առավոտյան, երբ «ամեն ինչ հանդարտվի»:
Ավելի վաղ ՆԳ փոխնախարարը նախկին նախագահի աջակիցների հետ զրույցում հայտարարել է, թե պահանջում է «հատուկջոկատայինների անհապաղ ազատում»:
Հիշեցնենք, Operativ լրատվականը ավելի վաղ հայտնել էր, որ երեկ Ղրղզստանում Ատամբաևի տան մոտ հատուկ օպերացիայի ժամանակ հատուկջոկատային է զոհվել, 23 մարդ վիրավորվել:
Ղրղզստանի խորհրդարանը կողմ էր քվեարկել Ատամբաևին անձեռնմխելիությունից և նախկին նախագահի կարգավիճակից զրկելու օգտին, ինչը հնարավորություն է տալիս նրան քրեական պատասխանատվության ենթարկել:
Ատամբաեւը մեղադրվում է հողատարածքների վերափոխման, Բիշքեկի ջերմաէլեկտրակայանի արդիականացման ժամանակ կոռուպցիայի, քրեական հեղինակության անօրինական ազատ արձակման, ջերմաէլեկտրակայան ածուխի անօրինական մատակարարման, ինչպես նաև Քոյ-Տաշում բնակելի տուն կառուցելու համար անօրինական ճանապարհով հողատարածք ստանալու մեջ:
Նախկին նախագահի փաստաբանի խոսքով՝ որոշումը հակասահմանադրական է:
Ատամբաևը ղեկավարել է Ղրղզստանը 2011-2017թթ. և դարձել է երկրի առաջին ղեկավարը, որն ինքնակամ հեռացել է պաշտոնից առաջին ժամկետի ավարտից հետո: Հենց նա է նախաձեռնել այդ պաշտոնին գործող նախագահի թեկնածուի առաջադրումը: Անցած տարվա գարնանը Ատամբաևը հրապարակավ խոստովանեց Ժեենբեկովի հետ լուրջ տարաձայնությունների առկայությունը:
Operativ լրատվականը հաղորդել էր նաև, որ Ղրղզստանի նախկին նախագահ Ատամբաևը երեկ ձերբակալվել է, հատուկջոկատայինները գրոհել են նրա տունը: Սակայն ավելի ուշ Ղրղզստանի խորհրդարանի պատգամավորը հերքել է նախկին նախագահի ձերբակալության մասին տեղեկությունը:
Իրավիճակը երկրում շարունակում է մնալ անկայուն:
Եթե դատարանը Ատամբաևին մեղավոր ճանաչի, նրան կարող է ցմահ ազատազրկում սպառնալ: