Հայաստանում հարգանքի տուրք են մատուցել ասորիների Ցեղասպանության զոհերի հիշատակին
Օգոստոսի 7-ին Երևանում ծաղիկներ են դրել 1915 թվականին ասորիների Ցեղասպանության զոհերի հուշարձանին: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում բնակվող ասորական համայնքի ներկայացուցիչներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ:
Հայաստանի ասորական համայնքի ղեկավար Ռազմիկ Խոսրոեւն արձանագրել է, որ Հայաստանը միակ երկիրն է, որը ոչ միայն ճանաչել է ասորի ժողովրդի Ցեղասպանությունը, այլեւ հնարավորություն է տվել լիարժեքորեն ինտեգրվելու երկրի կյանքին, ինչի մասին է վկայում նաեւ ասորիների Ցեղասպանության զոհերին հուշարձանի առկայությունը: «Մենք մեր պետականությունը կորցրել ենք 2500 տարի առաջ, սակայն Հայաստանում մեր ժողովուրդն իրեն լիարժեք է զգում, ունի իր կրթա-մշակութային կենտրոնները, իսկ ասորիների խնդիրները երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում են»,- նշել է նա՝ հավելելով, որ մոլորակի տարբեր անկյուններում ասորիների ցեղասպանությունը շարունակվում է նաեւ այսօր:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արման Աբովյանն իր հերթին նշել է, որ ասորիների ցավը նաեւ հայ ժողովրդի ցավն է, եւ աշխարհում 1915 թվականին հայերի, ասորիների, հույների եւ այլոց ցեղասպանությունների սխալ ընկալումը հետագայում հանգեցրել է հրեաների ցեղասպանությանը, իսկ արդեն մեր օրերում՝ ուրիշ ժողովուրդների ցեղասպանությանը: ««Բարգավաճ Հայաստանը» պատրաստ է միանալ այն հումանիտար նախաձեռնություններին, որոնք ուղղված կլինեն համանման գործողությունների կանխմանը»,- հավելել է Աբովյանը:
Հայաստանի քրդական համայնքի ղեկավար, իշխող «Իմ քայլը» խմբակցությունից ԱԺ պատգամավոր Կնյազ Հասանովը նշել է, որ թուրքական իշխանությունները շարունակում են իրենց նախորդների քաղաքականությունը, որը դրսեւորվում է ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ 20 մլն քրդերի ցեղասպանությամբ, որոնք Թուրքիայի տարածքում ապրելով՝ ոչ մի իրավունք չունեն եւ հետապնդումների են ենթարկվում: «Համաշխարհային հանրությանը կոչ ենք անում միջոցներ ձեռնարկել եւ կասեցնել թուրքական իշխանությունների հանցավոր գործողությունները»,- հայտարարել է նա:
Նշենք, որ 1915 թվականին Օսմանյան կայսրության իշխանությունները ցեղասպանություն են իրագործել հայերի, ասորիների, հույների և այլ ազգությունների նկատմամբ: