Աշխատանքից ազատված բեմադրիչը կվերադառնա Սունդուկյանի թատրոն
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հովիկ Շահնազարյանի նախագահությամբ բավարարել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախկին ռեժիսոր, բեմադրիչ Տիգրան Գասպարյանի հայցն ընդդեմ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի։
Նշենք, որ 2018թ. դեկտեմբերի 28-ին Գասպարյանին և նրա կնոջը՝ Էռնա Ավետիսյանին առանց հիմնավոր պատճառի ազատել էին աշխատանքից։ Հայցվորը դատարանից պահանջել էր՝ անվավեր ճանաչել իր աշխատանքային պայմանագիրը լուծելու հրամանը, վերականգնել նախկին աշխատանքում և բռնագանձել միջին աշխատավարձի չափով հարկադիր պարապուրդի գումարը։
Դատարանի վճռով անվավեր է ճանաչվել Տիգրան Գասպարյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանը, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից հօգուտ Տիգրան Գասպարյանի բռնագանձել աշխատանքում չվերականգնելու դիմաց միջին աշխատավարձի եռապատիկի չափով հատուցման գումարը:
Հիշեցնենք, որ անցյալ տարեվերջին բացի Տիգրան Գասպարյանից, աշխատանքից ազատվել են նաև թատրոնի դերասաններ, որոնցից երկուսը՝ Էռնա Ավետիսյանը և Կարինա Հարությունյանը, նույնպես հայց են ներկայացրել դատարան՝ իրենց ապօրինի աշխատանքից ազատելու վերաբերյալ։ Նրանց գործը դեռևս քննվում է դատարանում։