«Թամանյանական» Երևանի տեսքից արդեն գրեթե ոչինչ չի մնացել. ճարտարապետ
«Թամանյանական» Երևանի տեսքը սկսել էր փչանալ Մարկ Գրիգորյանի ժամանակներից և դրանից արդեն ոչինչ չի մնացել: Այս մասին օգոստոսի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Փարիզ-էստ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր, ճարտարապետ Մարիամ Խաչատրյանը:
Ըստ նրա, Թամանյանը փորձել էր եվրոպական ոճի, էսթետիկայի տարրեր մտցնել մայրաքաղաքի ճարտարապետության մեջ, ի տարբերություն Գյումրիի, որը նախագծվել էր որպես արքայական քաղաք:
«Այն ժամանակվանից, երբ քաղաքի ճարտարապետ նշանակվեց Մարկ Գրիգորյանը, մայրաքաղաքի տեսքը սկսեց փչանալ: Նա սկսեց աշխատել Բաղրամյան փողոցի և Կոմիտասի պողոտայի զարգացման ուղղությամբ, թեև Թամանյանի նախագծով կենտրոնական պետք է դառնային Այգեձոր և Արամ Խաչատրյան փողոցները», - նշեց նա:
Մարիամ Խաչատրյանը կարծում է, որ Երևանի «թամանյանական» տեսքը կարելի է վերականգնել ևˊ ճարտարապետության ևˊ ոճի տեսանկյունից, սակայն դրա համար, նախևառաջ, պետք է քաղաքի զարգացման հայեցակարգ ունենալ, որը չկա, չկան նաև համապատասխան կադրերը:
«Այսօր ճարտարապետները մեծ մասամբ աշխատում են մոդեռն ոճով և հիմնականում ոչ պրոֆեսիոնալ:
Բոլորը ցանկանում են հասնել նրան, որ մեքենայով կարողանան արագ մի կետից մյուսը հասնել, սակայն քաղաքն առաջին հերթին պետք է կառուցվի քաղաքացիների համար», - եզրափակեց ճարտարապետը:
Նկարիչ Կամսար Օհանյանն, առաջին հերթին, ասաց, որ Երևանի տեսքը առավել արագ սկսեց փչանալ 90-ականներին և բոլոր շինությունները միայն բիզնես շահեր էին հետապնդում:
«Ըստ էության, Երևանը դադարեց վարդագույն քաղաք լինել, այժմ դա մոնոլիտ կառույցների կույտ է», - դժգոհեց նա: