ՓՄՀՀՊ պայմանագրից ԱՄՆ-ի դուրսբերումը կարող է սպառազինությունների մրցավազքի վերսկսման պատճառ դառնալ. Վլադիմիր Պուտին
Փոքր եւ միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից (ՓՄՀՀՊ) ԱՄՆ-ի դուրսբերումը կարող է սպառազինությունների մրցավազքի վերսկսման պատճառ դառնալ: Այս մասին ասվում է պայմանագրից ԱՄՆ միակողմանի դուրսբերման կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նման սցենարը նշանակում է սպառազինությունների մրցավազքի վերսկսում: Եվ քաոսից խուսափելու համար անհրաժեշտ է կշռել բոլոր վտանգավոր հետեւանքներն ու սկսել ըստ էության, առանց երկիմաստության լուրջ երկխոսությունը»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ օգոստոսի 2-ին վերոնշյալ պայմանագիրը դադարեցվել է: Վաշինգտոնը պայմանագրից միակողմանի դուրսբերման մասին հայտարարել է անցած տարվա սկզբին՝ Ռուսաստանին մեղադրելով պայմանագրի խախտման համար: Մոսկվան բոլոր մեղադրանքները հերքում է:
Ռազմավարական հարձակվողական սպառազինությունների կրճատման մասին (СНВ-3) պայմանագիրը կնքվել է 2010թ., այն սպառազինությունների սահմանափակման մասին Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ միակ գործող պայմանագիրն է:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ քիչ հավանակ է, որ СНВ-3-ը երկարաձգվի, քանի որ այն թերություններ ունի: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ռուսաստանի, Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ նոր եռակող համաձայնագրի կնքման ցանկության մասին: Պեկինում, սակայն, այդ գաղափարը հերքում են: