Ստամբուլի կոնվենցիայի հարցով քննարկումները խոսում են հանրությունում առողջ մթնոլորտի մասին. Քրիստինե Գրիգորյան
Ստամբուլի կոնվենցիայի հարցով քննարկումները խոսում են հանրությունում առողջ մթնոլորտի մասին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ կոնվենցիայում կան դրույթներ խտրականության անթույլատրելիության մասին, այդ թվում՝ սեռական կողմնորոշվածության հիմքով, եւ դա կարեւոր է՝ հաշվի առնելով այն, որ սահմնադրությունում չկա հիշատակում սեռական կամ գենդերային սկզբունքով խտրականության անթույլատրելիության մասին:
Փոխնախարարը նշել է կոնվենցիայի աջակիցների եւ հակառակորդների շրջանում կոնսենսուսի կարեւորության մասին:
«Ոչ ոք չի ասում, թե «սեռն» ու «գենդերը» նույն տերմիններն են: Դրանք հստակորեն տարբերվում են: Հարցն այն է, թե արդյոք պետությունը պետք է պաշտպանի այդ անձանց իրավունքները, ինչպես մյուսներինը: Անկասկած, պետք է պաշտպանի: Նշանակո՞ւմ է դա, որ պետությունը պետք է ճանաչի այդ անձանց միջեւ ամուսնությունները: Ոչ, դա հակասում է սահմանադրությանը»,- բացատրել է Գրիգորյանը: