Չինաստանից ներկրման համար ԱՄՆ նոր մաքսատուրքերը կվերաբերեն խաղալիքներին, iPhone-ին և զենքին
Նոր ամերիկյան մաքսատուրքերը, որոնք սեպտեմբերի 1-ից կկիրառվեն չինական ներմուծման համար, կվերաբերեն մանկական խաղալիքներին, հագուստին, կոշիկին, ինչպես նաեւ էլեկտրոնային սարքերին, ինչպիսին iPhon-ն է եւ անգամ զենքին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն սեպտեմբերի 1-ից 10 տոկոսի չափով նոր մաքսատուրքեր կկիրառի Չինաստանից 300 միլիարդ դոլար արժողությամբ ապրանքների համար: Ըստ Սպիտակ տան ղեկավարի՝ ԱՄՆ-ն կշարունակի մաքսատուրքեր կիրառել Չինաստանից ապրանքների համար, մինչեւ Վաշինգտոնը և Պեկինը առեւտրային համաձայնագիր չկնքեն:
Նոր սակագների ներդրումը կհանգեցնի նրան, որ ԱՄՆ-ն մաքսատուրքեր կկիրառի ԱՄՆ ուղարկվող չինական գրեթե ամբողջ ներմուծման համար: Պորտալի համաձայն, մաքսատուրքերը կվերաբերեն այնպիսի իրերին, ինչպիսիք են վերարկուները, տաբատը, շորտերը, կիսաշրջազգեստները, զգեստները և նույնիսկ ներքնազգեստը:
Բացի այդ, սակագները կկիրառվեն էլեկտրոնային սարքերի դեպքում` IPhone սմարթֆոնների, խոսափողների, թվային տեսախցիկների, ականջակալների, խաղային վահանակների: Միևնույն ժամանակ, ըստ «Ակսիոսի»՝ մաքսատուրքերը կկիրառվեն հրազենի նկատմամբ՝ ատրճանակների, հրացանների և այլն:
Ցուցակի մյուս իրերից են մանկական խաղալիքները, կաթնամթերքը, ծաղիկները, բանջարեղենը և մրգերը, համեմունքները, ալկոհոլը, կահույքի պարագաները և կենցաղային ապրանքները, սպորտային գույքը, ներառյալ մականները գոլֆի համար, որը Թրամփը սիրում է խաղալ:
Պորտալը ընդգծում է, որ աշնանը սպառողական ապրանքների գները զգալիորեն կբարձրանան, չնայած հակառակի մասին պետության ղեկավարի և նրա վարչակազմի ներկայացուցիչների հավաստիացումներին:
Առեւտրային վեճեր
Չինաստանն ու ԱՄՆ-ն մի քանի ամիս շարունակ բանակցություններ էին վարում առեւտրային վեճերը կարգավորելու շուրջ: Մայիսի առաջին կեսին ԱՄՆ մայրաքաղաքում տեղի էր ունեցել խորհրդակցությունների 11-րդ ռաունդը, սակայն դրանից հետո երկխոսությունը փակուղի էր մտել: Մայիսի 10-ին Վաշինգտոնը լրացուցիչ մաքսատուրքեր էր սահմանել 200 մլրդ դոլարի չինական արտադրանքի վրա՝ տոկոսադրույքը բարձրացնելով 10-ից մինչեւ 25 տոկոս: Հունիսի սկզբին Չինաստանը պատասխան միջոցներ էր ընդունել 60 մլրդ դոլարի ԱՄՆ ավելի քան 5 հազար ապրանքային դիրքերի համար:
Խորհրդակցությունները վերականգնելու որոշումը ձեռք էր բերվել հունիսի 28-29-ը Օսակայում տեղի ունեցած G20 գագաթնաժողովում Թրամփի եւ Սի Ցզինպինի հանդիպման ժամանակ: Ամերիկացի առաջնորդը խոստացել էր Չինաստանից ներմուծվող ապրանքների համար նոր մաքսատուրքեր չսահմանել, ինչպես նաեւ մեղմել Huawei ընկերության գործունեության սահմանափակումները: Ի պատասխան՝ Պեկինը պատրաստակամություն էր հայտնել մեծացնելու Միացյալ Նահանգներից գյուղատնտեսական արտադրանքի գնումների ծավալները:
Այս շաբաթ ավելի վաղ Շանհայում անցկացվել էր բանակցությունների 12-րդ ռաունդը: Չորեքշաբթի Սպիտակ տունը հայտարարություն էր տարածել, որում անցկացված հանդիպումները կառուցողական էր անվանել, սակայն հինգշաբթի ԱՄՆ նախագահը իր Twitter-յան էջում հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները սեպտեմբերի 1-ից 10 տոկոս չափով նոր մաքսատուրքեր կսահմանի Չինաստանից 300 մլրդ դոլար արժեքով ապրանքների համար:
Սպասվում է, որ բանակցությունների հաջորդ ռաունդը տեղի կունենա սեպտեմբերի սկզբին Վաշինգտոնում: