Անհայտ անձինք պղծել են «Եռաբլուրում» ապրիլյան պատերազմում զոհված զինվորականների շիրիմաքարերը (Տեսանյութ)
Անհայտ անձինք պղծել են «Եռաբլուր» պանթեոնում Ապրիլյան պատերազմում զոհված զինվորականների շիրիմաքարերը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանը, ով նաև տեսանյութ է հրապարակել: Տեսանյութում երևում է, որ մոմ կամ այլ հեղուկ է թափված գերեզմանների վրա:
Արթուր Եղիազարյանը, մասնավորապես, գրել է.
«ՖԲ սոցիալական ցանցում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ներքին թուրքերը պղծել Ապրիլյան պատերազմում զոհված զինվորականների շիրիմաքարերը:
Պատկան մարմիններից բացատրություն եմ պահանջում «Եռաբլուր» պանթեոնի պահպանության և այդ ստորների հայտնաբերման ուղղությամբ ձեռնարկված գործողությունների վերաբերյալ»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Եռաբլուր» պանթեոնում պղծել են ապրիլյան հերոսների, այդ թվում Ռոբերտ Աբաջյանի և Արմենակ Ուրֆանյանի շիրմաքարերը: Տեսանյութում երևում է, որ շիրմաքարերի վրա սև ներկ հիշեցնող նյութ է լցված։