Մաքսատուրքի արտոնություն՝ «Պրոֆպանել»-ին. ընկերությունը արևային վահանակներ է արտադրում
Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 1-ի նիստում որոշում կայացրեց բավարարել «ՊՐՈՖՊԱՆԵԼ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար եւ սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը:
Հարցը կառավարության նիստում ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ «ՊՐՈՖՊԱՆԵԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են արեւային վահանակների արտադրության համար։ Նախարարի խոսքով, ընկերությունը հիմնվել է 2012-ին, սակայն արեւային վահանակներ սկսել է արտադրել 2016-ից: Ընկերությունը նման վահանակներ արտադրող առաջին ընկերությունն է հայաստանում, արդեն իրականացրել է 373 մլն դրամի չափով ներդրումներ. «Այս հայտի շրջանակներում նախատեսում է ներկրել մոտ 3 մլրդ դրամի հումք ու սարքավորումներ: Ներկայումս ընկերությունում աշխատում է 43 աշխատակից, նախատեսվում է, որ նոր ծրագրի շրջանակում կավելանան 5 նոր աշխատռատեղեր՝ 150-200 հազար դրամ միջին աշխատավարձով: Այս փուլում արտադրանքի ծավալը կկազմի մոտ 6 մլրդ դրամ, որից 4,3 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի Հայաստանի տարածքում»,-ընդգծեց նախարարը:
Իր հերթին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ կառավարությունը պլանավորում է 5 տարվա ընթացքում մինչեւ 600 մգվտ արեւային էներգիայի արտադրություն ունենալ Հայաստանում:
Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման եւ որպես հետեւանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության եւ արտահանման խթանման համար: