Համոզված եմ՝ մարդիկ խելամիտ վճարի դիմաց կուզենան ապահովագրված լինել հյուրանոցի սպասասրահում գիշերելու ռիսկից. փոխվարչապետ (Տեսանյութ)
Երևան-Հուրգադա չվերթների և ՀՀ քաղաքացիների՝ Հուրգադայում մնալու պատճառներից մեկն այն է, որ ունենք բավական ազատական իրավակարգավորումներ: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 1-ին կառավարության նիստի սկզբում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Տուրօպերատորին մեր օրենսդրությունը չի ներկայացնում այնպիսի պահանջներ, որոնք երաշխավորում են այդ կազմակերպությունների կողմից ստանձնած պարտավորությունների կատարումը:
Այժմ Տուրիզմի կոմիտեն և մեր նախարարությունն աշխատում են այլ երկրներում, մասնավորապես մեր նման երկրներում իրավակարգավորումների ուսումնասիրությամբ, որ հասկանանք, թե ինչպիսի օպտիմալ որոշումներ կարող են կայացվել Հայաստանի դեպքում»,- ասաց նախարարը:
Նա հավելեց, որ լավագույն եղանակը տուօպերատորների ստանձնած պարտավորությունները ապահովագրելու պահանջի ամրագրումն է: Այսինքն, եթե այդ կազմակերպությունն ինչ-ինչ պատճառներով չի կատարում իր պարտավորությունները, գործի ապահովագրության մեխանիզմը: Նրա խոսքով, պետք է մտածել և այնպիսի մեխանիզմ առաջարկել, որ դա շատ թանկ չարժենա սպառողների վրա:
Տիգրան Ավինյանն էլ հավելեց. «Ես համոզված եմ, որ մեր քաղաքացիները խելամիտ վճարի դիմաց կցանկանան ապահովագրված լինել հյուրանոցի սպասարահում գիշերելու ռիսկից»: