Հայաստանը Գլոբալ ինովացիոն ինդեքս 2019-ում 4 դիրքով առաջընթաց է արձանագրել
Հայաստանը Գլոբալ ինովացիոն ինդեքս 2019-ում 64-րդ դիրքում է, ինչը նախորդ տարվա համեմատ առաջընթաց է 4 դիրքով:
Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ մեր երկիրը միջինից բարձր եկամուտ ունեցող 34 երկրների շարքում 15-րդն է (2018թ. Հայաստանը ներառված էր միջինից ցածր եկամուտ ունեցող երկրների տասնյակում): Մասնավորապես՝ նախորդ տարվա համեմատ Հայաստանն առաջընթաց է գրանցել «Մարդկային կապիտալ եւ հետազոտություններ», «Ինստիտուտներ», «Ենթակառուցվածք», «Շուկայի կատարելագործվածություն», «Գիտելիքի եւ տեխնոլոգիական արտադրանք» հենասյուներով:
Հատկանշական է դրական տեղաշարժը «Բիզնես սկսելու դյուրինությունը», «ՏՀՏ հասանելիություն մակարդակը», «Գիտական եւ տեխնիկական հոդվածներ», «ՀՆԱ-ի աճի տեմպը», «ՏՀՏ ծառայությունների արտահանումը», «Ազգային խաղարկային ֆիլմեր», «Առցանց ստեղծարարություն», «Վիկիպեդիայի խմբագրումները», «Արտոնագրերն ըստ ծագման», «Օգտակար մոդելներն ըստ ծագման» ցուցանիշներով:
2019թ. Գլոբալ ինովացիոն ինդեքսի հաշվետվությունն ունի հստակ թեմատիկ ուղղվածություն` առողջապահական ինովացիաներ, եւ վերլուծում է առողջապահական ինովացիոն միջավայրը` դիտարկելով տեխնոլոգիական եւ ոչ տեխնոլոգիական առողջապահական ինովացիաների դերը առողջապահական ծառայությունների մատուցման տրանսֆորմացիայի տեսանկյունից:
Այս տարի ինդեքսի առաջին վարկանշային եռյակը զբաղեցնում են Շվեյցարիան, Շվեդիան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները: