Տղամարդկանց շրջանում ասթման դրսևորվում է մինչև 9 տարեկանը, կանանց շրջանում՝ 40-ից հետո. հետազոտություն
Տղամարդկանց և կանանց շրջանում ասթման սովորաբար դրսևորվում է տարբեր տարիքում. տղամարդկանց շրջանում՝ սովորաբար մինչև 9 տարեկանը, իսկ կանանց՝ 40-ից հետո: Այս մասին հայտնել են Տամպերեի համալսարանի գիտնականները, ինչպես նաև Սեյնյայոկի և Վաասա քաղաքների կենտրոնական հիվանդանոցներից նրանց գործընկերները:
Գիտնականները վերլուծել են Ֆինլանդիայում բնակվող 4 հազար մարդու տվյալները և նկատել, որ ասթմայի սկիզբն իսկապես տարբեր է՝ կախված մարդու սեռից: Հնարավոր է՝ սա կապված է օրգանիզմում հորմոնալ փոփոխությունների հետ: Նախագծի համահեղինակ, պրոֆեսոր Հեյկի Կոսկելան նշում է, որ կանանց շրջանում ասթմայի զարգացման հավանականությունը մեծանում է կլիմաքսային ժամանակահատվածում:
Պրոֆեսոր Կոսկելայի խոսքով՝ կան մի քանի գործոններ, որոնք մեծացնում են ասթմայի առաջացման հավանականությունը.
.ժառանգականություն, .ասթմայի առկայություն ծնողների, եղբայրների կամ քույրերի մոտ,
. ալերգիաներ, որ արտահայտվում են հարբուխով, մաշկի քորով, աչքերի բորբոքմամբ,
. մոր ծխելը, պասիվ ծխելը,
. ավելորդ քաշ,
. բնակարանում չափից ավելի խոնավություն:
Գիտնականների խոսքով՝ քաշի նվազեցումը եւ սպորտով կանոնավոր զբաղվելը զգալիորեն մեծացնում են ասթմատիկների կյանքի որակը եւ նրանց օգնում նվազեցնել դեղերի գործածումը: