«Մի օգտվեք այդ 4 ընկերությունների չափիչ սարքավորումների ծառայություններին»,. Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հորդորում է բոլորին՝ ՉՕԳՏՎԵԼ «ԳԼԱՁՈՐ ԱՌՈՂՋԱՐԱՆ» ՍՊԸ-Ի, «ՋԵՐՄՈՒԿ-3 ԱՌՈՂՋԱՐԱՆ» ՍՊԸ-Ի, «ՋԵՐՄՈՒԿԻ ՆՈՐ ԿՅԱՆՔ» ԱՌՈՂՋԱՐԱՆ ՍՊԸ-Ի եւ «ԱՐԱՐԱՏ» ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋԱՐԱՆ ՓԲԸ-ի չափիչ սարքավորումներով մատուցվող ծառայություններից, որոնց չափումների արդյունքները օգտագործվում են առողջապահության բնագավառում, քանի որ ՀՀ կառավարության 2016թ-ի փետրվարի 11-ի № 113-Ն որոշմամբ սահմանված այդ չափիչ սարքավորումները օրենքով սահմանված կարգով չեն ստուգաչափվել, հետեւաբար՝ դրանց տվյալները կարող են լինել ոչ ճշգրիտ, ինչն էլ կարող է հանգեցնել սխալ ախտորոշման՝ վտանգելով Ձեր կյանքը:
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից նշված առողջարաններում իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ վերջիններիս կողմից չի պահպանվել «Չափումների միասնականության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի՝ «Չափման միջոցների ստուգաչափումը», 1-ին մասի՝ «1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափման միջոցները ենթակա են ստուգաչափման» եւ 2-րդ մասի՝ «2. Չափման միջոց կիրառող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը պարտավոր են իրենց կողմից առեւտրային նպատակներով կիրառվող Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափման միջոցները ենթարկել ստուգաչափման» պահանջները: Հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով տնտեսվարողներին տրվել են կարգադրագրեր:
Կարգադրագրերի կատարման եւ խախտումների վերացման՝ վերոնշյալ չափիչ սարքավորումների ստուգաչափման մասին ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը լրացուցիչ կտեղեկացնի:
Հետեւեք Ձեր առողջությանը եւ եղեք հանրային վերահսկող: