ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթանալու Թումանյան կայարանում բեռնատար գնացքի շուրջ ստեղծված իրավիճակին (Լուսանկարներ)
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր կեսօրին այցելել է Լոռու մարզ՝ տեղում ծանոթանալու Թումանյան կայարանում բեռնատար գնացքի շուրջ ստեղծված իրավիճակին: Դեպքի վայրում նախարարին դիմավորել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն: Նա Ֆելիքս Ցոլակյանին շնորհակալություն հայտնել հրշեջ-փրկարարների անձնվեր աշխատանքի շնորհիվ հնարավոր պայթյունից խուսափելու համար և հավաստիացրել, որ առավելագույն կարճ ժամանակահատվածում կվերացվեն վթարի հետևանքները:
ԱԻ նախարարը հանձնարարել է աշխատակիցներին շարունակել հնարավոր
բոլոր միջոցներով օժանդակել վթարավերականգնողական աշխատանքներին:
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը տեղեկացրել էր, որ հուլիսի 29-ին, ժամը 04:00-ին «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, թե Լոռու մարզի Թումանյան կայարանի մոտակայքում այրվում է բեռնատար գնացքի շարժակազմ՝ վառելիքով բեռնված գլանատակառներ:
Պարզվել է, որ Բագրատաշենից Գյումրի ուղևորվող շարժակազմը բաղկացաց է 29 վագոնից, որոնցից 17-ը գլանատակառներ են (50 տ տարողությամբ), բեռնված վառելիքով (բենզին), 4-ը` բեռնված ցորենով, 1-ը` ալյումինե շին.նյութերով, իսկ մնացած շարժակազմերը դատարկ են: Գծերից դուրս է եկել երկրորդ լոկոմոտիվը:
Հրդեհի բարդության 3-րդ կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ութ մարտական հաշվարկ, այնուհետև ևս մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի Ալավերդու տեղեմասի 1 ջրատար և Ալավերդի քաղաքի կոմունալ տնտեսության 1 ջրատար:
Պարզվել է, որ այրվում է երկու 50 տ տարողությամբ գլանատակառ (շարժակազմում 3-րդը և 4-րդը), առկա է հրդեհի տարածման վտանգ դեպի մյուս գլանատակառներ:
ժամը 05:30-ի դրությամբ մասամբ այրվում է 7 գլանատակառում առկա և արտահոսող վառելիքը (շարժակազմ 3-9):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:31-ին:
Operativ լրատվականը տեղեկացրել էր նաև, որ Լոռիում գնացքի վագոնների վթարի հետևանքով այրված վառելիքը պատկանում է «CPS»-ին :