Սոչիում ի հայտ է եկել աշխարհում ամենամեծ ուտիճներից մեկը
Սոչիում ի հայտ է եկել աշխարհում ամենամեծ ուտիճներից մեկը։ Այս մասին ասվում է Սոչիի ազգային պարկի կայքում։
Ամերիկյան ուտիճը (Periplaneta americana) աշխարհում ամենամեծ ուտիճներից է, որի երկարությունը հասնում է 5 սանտիմետրի, իսկ բեղերով՝ 9 սանտիմետրից ավելի։ Կարմրադարչնավուն, լավ թռչող ուտիճը արեւադարձային Աֆրիկայից է, բայց XVII դարի սկզբում տեղափոխվել է Հյուսիսային Ամերիկա, ինչից էլ սխալմամբ տեսակն ստացել է իր անվանումը։ Ավելի ուշ այն հայտնվել է Եվրոպայում, իսկ ներկայում միջատը հանդիպում է ողջ աշխարհում՝ ցուրտ լայնություններում բնակվելով միայն շինություններում, իսկ տաք շրջաններում, օրինակ՝ Սոչիում, ապրում է թե՛ շենքերում, թե՛ բնության մեջ՝ ցերեկը թաքնվելով մութ ու խոնավ ապաստարաններում՝ նախընտրելով փտող փայտը։ Ուտիճները ամենակեր են, ուտում են ցանկացած օրգանական մնացուկ։
Այս միջատները համարվում են վտանգավոր վնասատուներ, քանի որ վարակներ են փոխանցում եւ կարող են առաջ բերել ալերգիա, բացի այդ, փչացնում են մթերքները եւ այն շենքերի նյութերը, որտեղ բնակություն են հաստատում։ Չինաստանում ամերիկյան ուտիճը ստացել է «շատ տոկուն փոքր վնասակար» անունը։ Այնուամենայնիվ, Չինաստանում ուտիճների սպիրտային թուրմը վերքերի բուժման դեղամիջոց է, իսկ Վիետնամում այն օգտագործում են սննդի մեջ տապակած վիճակում։
Ամերիկյան ուտիճը հաճախ պահվում է տերարիումներում որպես էկզոտիկ խոշոր միջատ, ինչպես նաեւ որպես սնունդ տերարիումի կենդանիների՝ մողեսների եւ օձերի տարբեր տեսակների համար։ Ամերիկյան ուտիճի հայտնվելը Սոչիի շատ շրջաններում կարող է կապված լինել ինչպես այլ վայրերից տեղափոխման, այնպես էլ տերարիումներից փախչելու հետ։ Անկախ ծագումից՝ ուտիճը Սեւծովյան ափերին բնակություն հաստատելու բոլոր շանսերն ունի։