«Սանիթեքի» հետ պայմանագիրը խզելու դեպքում կա վտանգ, որ գործը գնա միջազգային արբիտրաժ. Խաժակյան
«Սանիթեք» ընկերության հետ պայմանագիրը միակողմանի խզելու դեպքում կա վտանգ միջազգային արբիտրաժում այդ ընկերության հետ հանդիպելու: Այս մասին, այսօր՝ հուլիսի 30-ին, կառավարության դիմաց հրավիրած հրատապ ասուլիսում հայտարարեց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Հարցին, թե ինչ տեղի կունենա, եթե քաղաքապետարանը միակողմանի խզի պայմանագիրը «Սանիթեքի» հետ, «Լույս» խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Քաղաքապետարանին պատասխանը զավեշտալի է. ասում են՝ եթե խզենք, ինչպե՞ս եք պատկերացնում ընթացիկ աղբահանության իրականացումը: Եթե այդ վտանգը կա, դա լինելու է ուշ թե շուտ: «Սանիթեքը» ինքնուրույն ի՞նչ տրամաբանությամբ պետք է իր սեփական պայմանագրից հրաժարվի:
Պայմանագիրը միակողմանի խզելու դեպքում կա վտանգ միջազգային արբիտրաժում «Սանիթեքի» հետ հանդիպելու: Այդ վտանգն իրական է, դրա համար քաղաքապետարանը որեւէ իրավական գործընթաց իրականացնելիս պետք է չափազանց զգույշ լինի: Բայց արդյոք դա նշանակում է, որ մայրաքաղաքը պատանդ է այդ պայմանագրին: Իհարկե կան ռիսկեր, բայց այդ ռիսկերի կառավարումն ո՞ւմ վրա է, ի՞նձ վրա, ձե՞զ վրա»:
Դիտարկմանը, որ եթե բանը հասնի միջազգային արբիտրաժ, այդ ժամանակ իշխանություններին չե՞ն քննադատի, որ հսկայական գումարներ ստիպված ենք լինելու վճարել «Սանիթեքին», Դավիթ Խաժակյանն ասաց. «Նույնիսկ եթե որեւէ մեկը այսօր կոչ չանի լուծարել պայմանագիրը, այդ օրը ուշ թե շուտ գալու է եւ քաղաքապետարանը պետք է այդ քայլն անի: Եթե իրականացնի պրոֆեսիոնալ կերպով, փառք ու պատիվ իրեն, իսկ եթե իրականացնի այնպիսի խնդիրներով, որ քաղաքը տուժի, մեղավորն ինքն է: