Սահմանին վիրավորում ստացած զինծառայող Վլադիմիր Օսիպյանն իրեն լավ է զգում (լուսանկարներ)
Հայ-ադրբեջանական սահմանագոտում հուլիսի 28-ին վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող կրտսեր սերժանտ Վլադիմիր Օսիպյանի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության, Տավուշի մարզային խորհրդի նախագահ Սարգիս Ալեքսանյանը, ով այցելել է զինծառայողին:
«Փառք աստծո, մեր մարտիկի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում և գտնվում է զինվորականին հարիր հոգեպես բարձր մակարդակի վրա:
Առողջություն և արագ ապաքինում եմ մաղթում հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած բոլոր քաջարի հայորդիներին»,- գրել է Ալեքսանյանը։
Ավելի վաղ Operativ լրատվականը հայտնել էր, որ հուլիսի 28-ին ձախ արմնկային շրջանում հրազենային վնասվածքով Նոեմբերյանի ԲԿ է տեղափոխվել 33-ամյա պայմանագրային զինծառայող: Նա վիրավորվել է Ադրբեջանի զինուժի կրակոցից:
«Վիրավորված պայմանագրային զինծառայողը` Վլադիմիր Օսիպյանը, Նոյեմբերյանի Զորական գյուղից է, նա ստացել է ձախ արմնկային շրջանում հրազենային վնասվածք, նա մեզ մոտ է, վիճակը միջին ծանրության է, առաջիկայում կվիրահատվի»,- հայտնեցին բժշկական կենտրոնից: