Հուրգադայում մնացած քաղաքացիները հնարավոր է արդեն այսօր վերադառնան Հայաստան․ ԱԳՆ
Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը բանակցություններ է վարում , որպեսզի Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքացիները հնարավորինս շուտ վերադառնան Հայաստան։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի որքան հնարավոր է շուտ կազմակերպվի մեր քաղաքացիների ապահով վերադարձը հայրենիք։ Դեսպանության կողմից արդեն իսկ բանակցություններ են տարվում՝ հնարավորության դեպքում վերադարձը կազմակերպել արդեն իսկ այսօր»,- ասաց Աննա Նաղդալյանը:
Երեկ Operativ լրատվականը հաղորդել էր, որ Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման պատճառով ժամը 13:40 -ի դրությամբ Հուրգադայում չի կարողանում տուն վերադառնալ մոտ հարյուր ՀՀ քաղաքացի:
Հիշեցնենք, որ հուլիսի 23–ին էլ չեղարկվել էին Երևան– Շարմ Էլ Շեյխ եւ հակառակ ուղղությամբ չվերթները։