Հայկական տուրօպերատորը չի վճարել չվերթի գումարը. մանրամասներ՝ Հուրգադա-Երեւան չվերթի չեղարկման մասին
Հուլիսի 25-ին Հուրգադա-Երեւան չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում մնացած մոտ հարյուր ՀՀ քաղաքացիների մի մասը գտնվում է օդանավակայանում, իսկ մի մասը հյուրանոցներում են։ Այս մասին News.am-ին հայտնել է Եգիպտոսում ՀՀ դեսպանության հյուպատոս Ռաֆայել Մովսեսյանը։
Վերջինս նշել է, որ հայկական տուրօպերատորը չի վճարել ավիափոխադրողին, որի պատճառով էլ չվերթը չեղարկվել է։
«Նրանք ասում են, որ հայկական տուրօպերատորն իր ֆինանսական պարտականությունները չի կատարել, դրա համար չեղարկել են չվերթը»,–ասել է նա։
Մովսեսյանի խոսքով՝ ինքնաթիռը պատկանում է հունական ավիափոխադրող ընկերությանը, որն էլ պատրաստ է գումարը ստանալու դեպքում՝ մինչև առավոտ իրականացնել չվերթը։
Մովսեսյանը տեղեկացրել է, որ դեսպանությունը մշտական կապի մեջ է ավիափոխադրողի հետ։
Հարցին, թե ինչպե՞ս է լուծվելու քաղաքացիների կեցության հարցը, Մովսեսյանը պատասխանել է.
«Մենք 24 ժամ կապի մեջ ենք քաղաքացիների հետ, ասում ենք ինչով հնարավոր է՝ կաջակցենք, բայց պետք է հասկանալ, որ դեսպանությունն առանձին բյուջե չունի քաղաքացիների հյուրանոցային ծախսերը հոգալու համար»։
Ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման պատճառով ժամը 13:40 -ի դրությամբ Հուրգադայում չի կարողանում տուն վերադառնալ մոտ հարյուր ՀՀ քաղաքացի:
Հիշեցնենք նաև, որ երեկ՝ հուլիսի 23–ին, չեղարկվել էին Երևան– Շարմ Էլ Շեյխ և հակառակ ուղղությամբ չվերթները։