Գյուղմթերքի մթերման փուլում հնարավորություն ենք տալիս «Սպայկային» անխաթար աշխատել. Անանյան (Տեսանյութ)
«Սպայկայի» նախորդ ժամանակաշրջանների գործունեությանն առնչվող քրեական մասով մեր քննությունն առանձնացրել ենք, հնարավորություն ենք տալիս, որ այս պահին նրա գործունեության մասով խաթարում չլինի: Այդ մասին այսօր՝ հուլիսի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Ըստ Անանյանի՝ քննությունը շարունակվում է, անընդհատ տեղեկատվություն են ստանում գործընկեր երկրների կողմից, հաշվարկներ ու վերահաշվարկներ են կատարում. «Ուղղակի այս պահին, հաշվի առնելով «Սպայկայի» սերտ առնչությունը գյուղատնտեսության հետ, ընկերության նախորդ ժամանակաշրջանների գործունեությանն առնչվող քրեական մասով մեր քննությունն առանձնացրել ենք և հնարավորություն ենք տալիս, որ այս պահին նրա գործունեության մասով խաթարում չլինի», - ասաց ՊԵԿ նախագահը:
Դիտարկմանը, թե ՊԵԿ-ը մտադիր է զիջումների գնալ, Անանյանն արձագանքեց. «Չի կարելի այդպիսի բան ասել: Ջիջել նշանակում է՝ օրենքին հակառակ գնալ, որը մենք չեն պատրաստվում անել: Մենք այսօր ունենք աշխատանք, քննիչները քննչական գործողություններ և դրանց շրջանականում հարակից գործողություններ կատարելու լայն ֆրոնտ ունեն: Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ ձեռք բերվեն լրացուցիչ փաստեր: Այս փուլում կազմակերպությանն ու կազմակերպության պաշտոնատարներին մի փոքր ազատ ենք թողել, որպեսզի իրենք ընկերության բնականոն աշխատանքով զբաղվեն, բայց դա չի նշանակում, որ մենք հետ ենք գնացել, ընդհակառակը նախապես հնչեցված 7-8 մլրդ թվերը գնալով ավելացել են»: