Եթե ունեք նման փաստ, ես անձամբ ձեռնաշղթա կհագցնեմ այդ ծառայողի ձեռքերին. Օսիպյանը՝ վարորդական իրավունք ստանալու մասին
Հայաստանում տեղի ունեցող ավտովթարների հարցում մեծ դերակատարություն ունի այն, որ նախկինում անօրինական ճանապարհով վարորդական իրավունքներ են տրվել քաղաքացիներին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
«Ես փաստ չունեմ, բայց ես էլ մեր հայրենիքի սրտացավ բնակիչ եմ և տեղեկացված եմ եղել, և ասել են, որ վարորդական իրավունքները ձեռք են բերում այլ ճանապարհներով և մարդը չունենալով համապատասխան գիտելիք, այսօր կոչվում է վարորդ ու ղեկին նստած է»,-ասաց նա:
Օսիպյանը վստահեցրեց, որ այսօր անհնար է վարորդական իրավունք ձեռք բերել զարտուղի ճանապարհով. «Այսօր վստահեցնում եմ, եթե ունեք նման փաստ՝ անձամբ ես ձեռնաշղթաներ կհագցնեմ այդ ծառայողների ձեռքերին և անձամբ խցի դուռը կփակեմ նրանց վրա ... չկա նման բան»,-ասաց նա:
Ոստիկանապետը նաև նշեց, որ վարչապետից հանձնարարական կա՝ բարձրացնել Ճանապարհային ոստիկանության ծառայությունների մակարդակը: Ըստ նրա՝ ՃՈ-ն օգոստոսի 1-ից շաբաթ–կիրակի էլ կաշխատի։
Հիշեցնենք, քիչ առաջ Operativ լրատվականը հաղորդել էր, որ Վալերի Օսիպյանը այսօր, հուլիսի 24-ին լայնածավալ ասոիւլիս է հրավիրել: Նա ներկայացրել է 2019-ի առաջին կիսամյակի արդյունքները: