Աղջիկը զրկվել է ձեռքից՝ հյուրանոցի լողավազանում մսակեր մանրէներից վարակվելու պատճառով
7-ամյա Ամիլիան՝ Միմին Բրոնքսից, վարակվեց մսակեր մանրէներից հյուրանոցի լողավազանում, իր ծննդյան օրվա առթիվ հրավիրված երեկույթի ժամանակ։
Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, երեկույթից մի քանի օր անց Միմին ուժեղ ցավ է զգացել ձախ ձեռքում։ Բացի այդ, նրա ջերմությունը բարձրացել է։ Բայց բժիշկները նախնական զննման ժամանակ ոչ մի խանգարում չեն հայտնաբերել և որոշել են, որ աղջկա ձեռքը, ամենայն հավանականությամբ, «դուրս է ընկել»։ Այնինչ, վերջույթն սկսել է այտուցվել և մանուշակագույն երանգ ստանալ։
Մերձավորները Միմիին տարել են այլ հիվանդանոց, որտեղ բժիշկները, վերջապես, կարողացել են ճիշտ ախտորոշում կայացնել. նեկրոտիկ ֆասցիիտ, որն առաջ է եկել А խմբի ստրեպտոկոկերից։ Վիրաբույժները փորձել են փրկել աղջկա ձեռքը, բայց ստիպված էին անդամահատել այն։ Ընդհանուր առմամբ, երեխան ինտենսիվ թերապիայի բաժանմունքում անցկացրել է երեք ամիս։
Միջադեպը տեղի է ունեցել 2017-ի աշնանը, և անցած ժամանակաընթացքում Միմին ինքնուրույն սովորել է հագնվել, ժապավենը կապել և անգամ բասկետբոլ խաղալ։ Բացի այդ, աղջիկը յուրացրել է խոհարարական հմտություններ և պատրաստում է գետնանուշի յուղով բուտերբրոդներ և դոնդող։
Նորմալ կյանքի վերադառնալու համար երեխային հարկավոր է եղել աշխատաթերապիայի մասնագետների օգնությունը։ Նրա խոսքով՝ Միմին աստիճանաբար վստահություն ձեռք բերեց իր հանդեպ և ուժեղ բնավորություն ունի, նա օգնություն խնդրում է միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։
Շնորհիվ ոչ առևտրային կազմակերպության օգնության Միմին նվեր ստացավ ձեռքով պատրաստված տիկնիկ, որը նման է իրեն՝ թուխ մաշկով, շագանակագույն մազերով և միայն աջ ձեռքով։ Փորձագետները նշում են, որ հաշմանդամություն ունեցող երեխաների համար կարևոր է իրենց նմանվող խաղալիքներ ունենալ, որոնց հետ կարող են նույնականացնել իրենց։