Երեք անգամ սահմանադրություն ենք փոխել․ Սա մեր պետական անլրջության ցուցիչներից է
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանն է։
Պարոն Հայրապետյան, իշխանությունները հայտարարում են, թե Հայաստանում սահմանադրական ճգնաժամ կա, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հրայր Թովմասյանը սեփականաշնորհել է ՍԴ-ն։ Ըստ Ձեզ, ինչպե՞ս պիտի հանգուցալուծվի խնդիրը։
Սահմանադրական ճգնաժամ է կոչվում այն, երբ գործող սահմանադրությամբ հնարավոր չի լինում լուծել իշխանության հարցը: Հայաստանում նման խնդիր չկա և երբևէ չի եղել: Այսօր մենք ընդամենն ունենք Սահմանադրական դատարանի ճգնաժամ, որը նյարդերի պատերազմի ծիրից է: Խնդիրը պարտավոր է հանգուցալուծվել պարոն Թովմասյանի հեռացմամբ, բայց դա պետք է լինի ոչ թե զոռբայությամբ, ինչը նորմ է Հայաստանում, այլ քաղաքական կամքի և օրենսդիրի համառության դրսևորմամբ, փոխհամաձայնությամբ (չշփոթել, խնդրեմ, փոխպայմանավորվածության հետ):
Արդյո՞ք սահմանադրական փոփոխությունները չեն ուշանում։ Ինչո՞ւ իշխանությունը չի նախաձեռնում դրանք։
Իսկ ո՞վ ապացուցեց, թե դրանք անհրաժեշտ են: Մեր երկիրը ունեցել է երեք ղեկավար, և երեք անգամ սահմանադրությանը ձեռք է զարնվել: Սա մեր պետական անլրջության ցուցիչներից է: Ամերիկյան 232 տարվա սահմանադրությունը քանի անգա՞մ է փոխվել, փոփոխվել… Կարո՞ղ ենք մեր Սահմանադրության (որին, ի դեպ, 1995-ին դեմ եմ քվեարկել) գոյության 24 տարվա ընթացքից նշել գոնե մեկ անելանելի, առաջընթացը խոչընդոտող դեպք, որ առաջացրել է Սահմանադրությունը կամ որին Սահմանադրությունը լուծում չի կարողացել տալ: Եթե ՍԴ որոշումների որակը մեզ չի բավարարում, դա դեռ չի նշանակում, որ Սահմանադրությունն է մեղավորը. վատն այդ դատարանի մեծամասնությունն էր՝ իր կոմունիստ ղեկավարով: Սահմանադրական փոփոխությունների մասին մենք բարոյական իրավունք կունենանք մտածել այն ժամանակ, երբ կմշակվենք այնքան, որ Սահմանադրությունը մեզ համար կդառնա ամենօրյա գիտակցված պահանջ: Ինքներս մեզ չկեղծենք հերթական անգամ, չկեղծենք գոնե այս դեպքում՝ մենք դեռևս սահմանադրության արժեքը գիտակցող հանրույթ չենք դարձել:
Իշխանությունը կարծես հրաժարվում է վեթինգից, փոխարենը հայտարարում է, որ հավատարիմ է մնում դատական բարեփոխումներ իրականացնելու իր հանձնառությանը։ Ինչպե՞ս եք սա գնահատում, արդյո՞ք իշխանությունը շեղվո՞ւմ է իր նպատակներից։
Միջնադարյան նոմինալիստական վեճ է սա հիշեցնում՝ գումարած հայկական քաղաքական դասի աճպարարության հակվածությունը: Ցածրակարգ թիթիզներն այսօր եթե ադիբուդիին պոպքորն են ասում, դա դեռ չի նշանակում, թե դրանից բան է փոխվում – եթե անգամ փոխվում է, ապա միայն այն, որ սկսում ես ավելի խորն արհամարհել ձիուց արագ փախչող խրտնած ավանակներին: Անունն ինչ ուզում եք՝ դրեք, ուզում եք՝ «վեթինգ», ուզում եք՝ «զտում-37», ուզում եք՝ «համակարգի բարեփոխում» – էական չէ: Էականը խնդրի ճանաչումն ու ընդունումն է, ինչն առկա է թե՛ իշխանության, թե՛ խորհրդարանական ընդդիմության պարագայում: Մնում է այն լուծել՝ ելնելով պետության հիմնարար շահից և ոչ անձնական նախապատվություններից: Իշխանությունն ո՞վ կամ ո՞վքեր են, որ հիմա շեղվում են: Եթե Նիկոլ Փաշինյանն է, ապա նա չափազանց հստակ ասաց «Ազատություն» ռադիոկայանի իր հարցազրույցում, որ խնդիրն անձամբ գիտակցում է և լուծում տալու է: Ուրեմն ի՞նչ շեղման մասին կարող է խոսք լինել:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: