Google-ը 11 մլն դոլար կվճարի տարեցների հանդեպ խտրականության պատճառով
Google ընկերությունը համաձայնել է վճարել 11 մլն դոլար՝ ազատվելու համար տարեց հայցվորների նկատմամբ խտրականության մեղադրանքներից: Ավելի վաղ մերժված հայցվորները համացանցային հսկայի դեմ ներկայացրել էին խմբակային հայց:
Այժմ 227 հայցվորներից յուրաքանչյուրը Google-ից կստանա 35 հազար դոլար: Եվս 2,75 մլն դոլար կհատկացվի փաստաբաններին՝ նշել է Bloomberg-ի կայքը:
Համաձայնագրի մեջ, որը ընկերությունը կնքել է նախկինում մերժված հայցվորների հետ, կա կոչ՝ հղված Alphabet Inc. ստորաբաժանմանը՝ մոռանալ տարիքային նախապաշարմունքների մասին, ինչպես նաև ստեղծել կոմիտե, որը բացառապես կզբաղվի աշխատանքի ընդունելիս տարիքային բազմազանության հարցերով: Բացի այդ, կոմիտեում կհետևեն հայցվորների գանգատների պատշաճ հետաքննությանը:
Սկզբում հայց է ներկայացրել ոչ երիտասարդ Շերիլ Ֆիլեքսը, որին մի քանի անգամ մերժել են Google-ում աշխատանքի ընդունվելու հարցում՝ չնայած նրա բավարար որակավորմանը: Հայցվորը 7 տարի փորձել է մտնել համացանցային հսկայի հաստիքացուցակի մեջ, սակայն միշտ՝ անհաջող:
Արդյունքում նա ընկերությանը մեղադրել է տարեցների նկատմամբ «խտրականության պարբերական պրակտիկայի» մեջ:
«Տարիքային խտրականությունը խնդիր է, ինչն անհրաժեշտ է լուծել բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության մեջ, և մենք շատ ուրախ ենք, որ մեզ հաջողվել է հասնել արդարացի կարգավորման մեր հաճախորդների համար»,- բարեհաջող ավարտի կապակցությամբ հայտարարել է փաստաբան Դանիել Լոուն: