Ի՞նչ է նշանակում, գիշերը ժամը 3-ին տկլոր մարդկանց տանեն բաժին, սա՞ է ժողովրդավարությունը. Արամ Սարգսյան
Այսօր՝ հուլիսի 19-ին, լրագրողների հետ զրույցում Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն անդրադարձավ նաև Իջևանում ոստիկանական ուժերի գործողություններին՝ անվանելով կատարվածը՝ ամենաթողություն:
Նա համոզված է՝ անթույլատրելի է, որ գիշերը ժամը 3-ին մարդկանց բնակարաններից տանեն բաժին, երբ այդ տանել ասվածն էլ ավելի շատ քարշ տալ է հիշեցնում, ինչի մասին վկայում են լրատվամիջոցներում հայտնված տեսանյութերն ու լուսանկարները:
«Մեր հանրությունը պետք է պահանջի, որ ձերբակալվածներին բաց թողեն, ի՞նչ է նշանակում, գիշերը ժամը 3-ին տկլոր մարդկանց տանեն բաժին, սա՞ է ժողովրդավարությունը»,- բորբոքվում է բանախոսը:
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ Իջևանցի ցուցարարին փորձել են բերման ենթարկել՝ խոշտանգելով:
Իջևանում ձերբակալվածի մայրն էլ բորբոքված դիմում էր ոստիկաններին. «Կամ ինձ եմ սպանելու, կամ երեխայիս տանողներին. որդիս մինչև իրիկուն պետք է տանը լինի»:
Իջևանում երեկվա բախումից հետո ձերբակալվածների հարազատները բողոքում էին նաև, որ մի երիտասարդ տղայի են անտեղի տեղը քաշքշել, ուսը վնասել: