Ձախողումն անխուսափելի է, եթե 25-26 տարեկաններն են ղեկավարում նախարարությունները. Արամ Սարգսյան
Իջևանի դեպքերը վկայում են, որ այսօրվա կառավարողները չգիտեն ինչ է նշանակում կառավարել երկիրը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
«Բոլորս գիտեինք, որ անտառահատություն կա, որ դրա հաշվին մարդիկ ապրում էին, հարց է առաջ գալիս՝ դուք մինչև թույլ չտալը, որ անտառը կտրեն, արդյո՞ք ուսումնասիրել եք, թե ովքեր են դրանցով զբաղվում, ովքեր են դրանց պարագլուխները և ինչ պետք է անել մարդկանց համապատասխան ձևով աշխատանք տրամադրելու համար, որ դրանով չզբաղվեն, ռեպրեսիվ միջոցներով փորձում եք հարցը լուծել, այն էլ ում դեմ, նրանց, ովքեր փորձում են ընտանիքի հարցը լուծել։ Սա նշանակում է կառավարման փորձը չեն ուսումնասիրել և չեն էլ ուզում»,–նշեց նա՝ հավելելով, որ եթե 200 աշխատատեղ կա Իջևանում և դիմումներ մարզպետարանը չի ստացել, ապա նշանակում է իրազեկման աշխատանք չի տարվել բնակիչների հետ։
Արամ Սարգսյանի կարծիքով՝ ձախողումն անխուսափելի է, եթե 25-26 տարեկաններն են ղեկավարում նախարարությունները. «Երեկ Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ կառավարման առումով որոշակի սխալներ են թույլ տվել, բայց պարզվում է այս սխալների հիմքը կոռուպցիան է: Ես ասում եմ, այո՛, կոռուպցիայի դեմ պետք է պայքարել, բայց կառավարելու խնդիրը լրիվ ուրիշ է և եթե փորձ չունեք, 25-26 տարեկաններին բերում եք նախարարություն ղեկավարելու, պարզ է այս վիճակում եք հայտնվելու։
Բանախոսը հիշեցնում է Քաջ Նազարի խոսքերը՝ գյադեք այս կողմ անցեք, գյադեք այն կողմ անցեք։ Ամեն հարցում այսպիսի ձախողում է լինում, և մեր միջազգային ռեյթինգը կորցնում ենք, սպասում ենք, որ ներդրողները պետք է գան, երկիրը ծաղկեցնեն, չի լինելու դա»։