ԱՄՆ սենատորը կոչ է արել ՀԴԲ-ին զբաղվել FaceApp հավելվածով, որը «ծերացնում» է օգտատերերի լուսանկարները
Ամերիկացի սենատոր Չաք Շումերը ՀԴԲ-ին եւ Դաշնային առեւտրային հանձնաժողովին կոչ է արել ռուսական FaceApp հավելվածի հանդեպ ազգային անվտանգության եւ կոնֆիդենցիալության հետաքննություն անցկացնել՝ կապված այն բանի հետ, որ հավելվածը «ծերացնում» է օգտատերերի լուսանկարները, տեղեկացնում է Reuters-ը։
Հավելվածը, որը նախատեսված է լուսանկարների խմբագրման համար, պահանջում է, որպեսզի օգտատերերը ներկայացնեն «իրենց լուսանկարների եւ տվյալների լիակատար եւ անշրջելի հասանելիություն»,- ինչը կարող է «սպառնալիք ներկայացնել ազգային անվտանգությանն ու գաղտնիությանը ԱՄՆ միլիոնավոր քաղաքացիների համար»,- գրել է Շումերը ՀԴԲ եւ ԴԱՀ տնօրեններին ուղղված նամակում։
Շումերը նամակը տեղադրել է Թվիթերի իր աքաունթում։
«FaceApp-ի գտնվելը Ռուսաստանում հարցեր է առաջացնում, թե ինչպես եւ երբ է ընկերությունը ԱՄՆ քաղաքացիների տվյալների հասանելիություն տրամադրում երրորդ կողմերին, այդ թվում օտարերկրյա կառավարություններին»,- ասվում է Շումերի նամակում։
Ըստ նրա՝ պարզ չէ, թե ինչպես է հավելվածը պահպանում օգտատերերի տվյալները, կամ ինչպես են օգտատերերը կարողանալու ապահովել իրենց տվյալների հեռացումն օգտագործելուց հետո։
FaceApp-ը հերքում է երրորդ անձանց օգտատերերի տվյալների վաճառքը կամ տրամադրումը։
«Օգտատերերի 99 տոկոսը համակարգ չի մտնում, դրա համար մենք որեւէ տվյալի հասանելիություն չունենք, որոնք կարողանային նույնականացնել մարդուն»,- ասվում է ընկերության հայտարարությունում, որը մեջբերում է TechCrunch-ը։ Նշվում է, որ պատկերների մեծ մասը սերվերներից հեռացվում է 48 ժամվա ընթացքում։
Հայտարարության համաձայն՝ չնայած ընկերության հետազոտական խումբը Ռուսաստանում է, օգտատերերի տվյալները չեն փոխանցվում Ռուսաստանում։