Արարատ Միրզոյանը Միչ Մաքքոնելի հետ քննարկել է ՀՀ-ին տրվող ֆինանսական աջակցության մեծացման հնարավորությունները
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հուլիսի 16-ին Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ Սենատի մեծամասնության հանրապետական ղեկավար Միչ Մաքքոնելի հետ: ԱԺ խոսնակը գործընկերոջը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը հաջորդող քաղաքական զարգացումները` ընդգծելով այս փուլում ԱՄՆ-ի կողմից մեր երկրին աջակցության կարեւորությունը:
Կողմերը քննարկել են Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության մեծացման հնարավորությունները, երկրի արտաքին քաղաքականությանն ու տարածաշրջանային կայունությանը, էներգետիկ անվտանգությանը եւ մի շարք այլ ոլորտներին վերաբերող հարցեր:
Արարատ Միրզոյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է Ազգային ժողովրդավարական եւ Միջազգային հանրապետական ինստիտուտների կողմից Հայաստանի Ազգային ժողովի հետ համատեղ ծրագրերի կարեւորությանը, որոնք ուղղված են խորհրդարանի կարողությունների զարգացմանն ու բարեփոխումների օրակարգին նպաստելուն:
Կողմերը մեծապես կարեւորել են հայ-ամերիկյան հարաբերություններում առկա մեծ ներուժի բացահայտումն ու այդ ուղղությամբ գործնական քայլերի իրականացումը:
Քիչ առաջ Operativ լրատվականը հաղորդել էր, որ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է Առաջնորդների ֆորումի աշխատանքներին: