«Ոչ մի անգամ Հայաստանում փողով համերգ չեմ ունեցել». Արա Գեւորգյանի մենահամերգը ուղղված կլինի քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը
18 տարի անց ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գեւորգյանը հանդես կգա մենահամերգով. «Դու պիտի ճախրես» խորագիրը կրող համերգն ունի բարեգործական բնույթ: Այն համագործակցություն է City of Smile բարեգործական հիմնադրամի հետ, իսկ համերգի ամբողջ հասույթը տրամադրվելու է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը:
Ինչպես նշում է երաժիշտը` իր ստեղծագործական գործունեության ընթացքում համերգներով ու ելույթներով հանդես է եկել տարբեր միջոցառումների ընթացքում, ու այդ ելույթների դիմաց երբեք գումար չի պահանջել:
Ավանդույթը չի խախտել նաեւ այս անգամ, եւ իր համերգն ամբողջությամբ միտվելու է բարեգործությանը: «Սա իմ կողմից երկար սպասված համերգ է»,- այսօր` հուլիսի 15-ին կայացած ասուլիսի ժամանակ նշեց Արա Գեւորգյանը` հավելելով,- «Facebook-ում ամեն օր կարելի է տեսնել հրապարակումներ, որ այս կամ այն երեխային անհրաժեշտ է օգնություն: Նրանք բոլորն էլ մեր երեխներն են, այդ պատճառով էլ ստեղծվեց այս համերգի գաղափարը: Ոչ մի անգամ Հայաստանում փողով համերգ չեմ ունեցել, այս անգամ էլ համերգի ամբողջ հասույթն ուղղվելու է երեխաների ապաքինմաը: Նրանք մեր աջակցության կարիքն ունեն եւ ես բոլորին կոչ եմ անում կանգնել նրանց կողքին»:
Ինչ վերաբերում է «Դու պիտի ճախրես» խորագրին` այն երաժիշտի համանուն ստեղծագործությունն է ներկայացնում, որը Գեւորգյանը գրել է Սերժ Թանկյանի «7 նոտա» մրցույթի համար:
Կազմակերպիչների խոսքով` այն արտացոլում է նաեւ համերգի գաղափարը, քանի որ յուրաքանչյուր երեխա պետք է միշտ վառ պահի ապաքինման ու ճախրելու հույսը: Արա Գեւորգյանի համերգը կկայանա սեպտեմբերի 7-ին` ժամը 19։00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Բարեգործական միջոցառմանը կմասնակցեն նաեւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, Պարի պետական անսամբլն ու այլ համույթներ։
Համերգի կազմակերպիչն է Prime Production-ը: