Ֆլեշմոբ. Գեղարքունիքի մարզպետն ու Սևանի քաղաքապետը լողում են Սևանում
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը այսօր՝ հուլիսի 15-ին, եկել են «Ֆլամինգո» հանրային լողափ և որպես ֆլեշմոբ լողում են քիչ առաջ բողոքող տնտեսվարողների հետ, որոնք պնդում էին, որ առողջապահության նախարարն ու շրջակա միջավայրի նախարարը պետք է հերքեն այն տեղեկությունը, թե լճի ջուրը թունավոր է։
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը լրագրողների հետ զրույցում չհերքեց, որ լիճը «ծաղկել» է. «Կլիմայի տաքացման և մի շարք այլ խնդիրների հետևանքով 1960-ականներից ջրիմուտների ծաղկումը մասսայական է դարձել, որը բոլորին քայլեր ձեռնարկելու ազդակ է»։
Նա, սակայն, շեշտեց՝ փորձաքննության արդյունքները ցույց են տալիս, որ ամեն հաջորդ փորձաքննության արդյունք ավելի լավն է, քան նախորդը։
Մարզպետի խոսքով՝ երկարաժամկետ հեռանկարում այդ խնդրի լուծումը լճի մակարդակի բարձրացումը կարող է լինել, բայց ափերի մաքրման հետ միաժամանակ։