«Ինչի՞դ ա նախարարը, ես պակա՞ս նախարար եմ». Սասուն Միքայելյանի հորդորով ցուցարարները բացեցին Երևան–Սևան ճանապարհը
Երևան–Սևան մայրուղին փակած Սևանա լճի լողափերի տնտեսվարողները բացեցին ճանապարհը. Մինչև չորեքշաբթի կսպասեն առողջապահության նախարարի և շրջակա միջավայրի նախարարի հայտարարությանը, որով նրանք կամ հաստատեն, որ Սևանա լճի ջուրը թունավոր է, կամ կհերքեն։
Ցուցարարների հետ հանդիպեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, որին ևս թույլ չէին տալիս շարունակել ճանապարհը։ Սասուն Միքայելյանը նշեց, որ գնում էր պատանի երկրապահների ճամբարի բացմանը։
Պատգամավորը հորդորեց ցուցարարներին բացել ճանապարհը և սպասել մինչև չորեքշաբթի. «Եթե մինչև չորեքշաբթի հայտարարություն չանեն, նորից կփակեք, մինչև չորեքշաբթի սեզոնը չի պրծնի, ես կարո՞ղ ա գիտեք Աֆրիկայից եմ, ստեղից եմ էլի, անձամբ ես էլ եմ զբաղվելու։ Եթե մինչև չորեքշաբթի հայտարարություն չլինի, ես անձամբ ձեր հետ ճամփեն փակելու եմ»։
Ցուցարարների դիտարկմանը, թե իրենք պահանջում են, որ նախարարներն անձամբ գան, Միքայելյանն արձագանքեց. «Ինչի՞դ ա նախարարը, ես պակաս նախարար եմ»։
Միքայելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մինչև չորեքշաբթի եթե չհաստատեն, կամ հերքեն Սևանի ջրի թունավորությունը, ինքը կգա, ժողովրդի հետ ճանապարհը կփակի։