Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք. մեկ անձ կալանավորվել է
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ անձ կալանավորվել է:
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր
վարչության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2019թ. հուլիսի 12-ին ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով բերման են ենթարկվել Երևան քաղաքի երկու բնակիչներ՝ ծնված 1992 և 1996թթ.:
Իրականացված անձնական խուզարկությամբ նրանցից մեկի՝ 27-ամյա երիտասարդի պայուսակի միջից հայտնաբերվել է 5 հատ պոլիէթիլենային փաթեթ՝ բյուրեղանման զանգվածի պարունակությամբ` յուրաքանչյուրը 0.45 գրամ, 0.67 գրամ, 0.43 գրամ, 0.42 գրամ և 0.45 գրամ կշռով, ևս 11 հատ փաթեթ էլ՝ դեղնականաչավուն նյութի պարունակությամբ՝ ընդհանուրը 10.27 գրամ կշռով:
Բացի այդ,վերջինիս կողմից շահագործվող ավտոմեքենայում հայտնաբերվել է ևս 2 հատ փաթեթ՝ բյուրեղանման զանգվածներով՝ 0.44 գրամ և 0.69 գրամ կշռով:
Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է
քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և
268-րդ հոդվածի 3-րդ մասով, որը 2019թ. հուլիսի 13-ին ստացվել է Շենգավիթ
վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել է վարույթ: 27-ամյա
երիտասարդը ձերբակալվել է: