«Բարսելոնայի» նախագահ․ Գրիզմանի տրանսֆերի համար 35 միլիոն եվրո վարկ ենք վերցրել
«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարտիա Բարտոմեուն հաստատել է, որ ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի տրանսֆերի համար ակումբը ստիպված է եղել վարկ վերցնել։ Կատալոնական ակումբը Մադրիդի «Աթլետիկոյին» վճարել է 120 միլիոն եվրո։
«Հեշտ չէր իրականացնել այս տրանսֆերը, քանի որ վճարումը հետաձգելու վերաբերյալ համաձայնության հասնել «Աթլետիկոյի» հետ չկարողացանք։ Ունեինք նաեւ այլ ֆինանսական պարտավորություններ եւ ստիպված էինք 35 միլիոն եվրո վարկ վերցնել։ Այդ գումարը կվերադարձնենք կես տարվա ընթացքում։ 85 միլիոն եվրոն վճարել ենք մեր հաշիվներին եղած միջոցներից»,- Բարտոմեուի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Հուլիսի 14-ին «Բարսելոնան» հինգ տարվա պայմանագիր է կնքել Գրիզմանի հետ, որը հանդես կգա 17 համարի խաղաշապիկով։