Բնապահպաններն առաջարկում են քայլերթ անել դեպի Երեւան․ հանրային քննարկում Ամուլսարի շուրջ
Ամուլսարի հետ կապված պարզվեց, որ կա եւս մեկ քրեական գործ, որի շրջանակում էլ Քննչական կոմիտեից փորձում էին այց կատարել: Այսօր` հուլիսի 14-ին, Ջերմուկում հանրային քննարկման ժամանակ ասաց ակտիվիստներից Աննա Շահնազարյանը` նշելով, որ այդ քրեական գործը վերաբերում է անցած տարվա տեսչական ստուգումների արդյունքում արձանագրված այն փաստին, որ ապօրինի ընդերքօգտագործում է իրականացվել, արդյունահանվել է այնպիսի նյութ, որի թույլատրությունը հանքը չի ունեցել:
«Ամեն դեպքում պայմանավորվածությունն այն է եղել, որ պետք է պետությունն իր վրա վերցնի պատասխանատվությունը հանքի հետ կապված աշխատանքներ թույլ չտալու համար եւ այդ պատասխանատվությունը այլեւս չպետք է իրենց վրա վերցնեն համայնքների բնակիչները, եւ երկրորդը, որ պետությունը այդ փորձաքննությունների մեջ պետք է պատվիրի նաեւ սոցիալ-տնտեսական ազդեցության գնահատումը եւ նաեւ համայնքի հետ աշխատանքներ տանի, համայնքի կարծիքը լսի, ի վերջո, համայնքը իր կարծիքը արտահայտել է»,- ասաց Աննա Շահնազարյանը:
Քննարկմանը մասնակցող ակտիվիստներից Արթուրը Ջերմուկի բնակիչներին առաջարկեց քայլերթ անել մինչեւ Երեւան, հասնել Կառավարության շենք եւ պահանջել Ամուլսարի հարցի վերջնական լուծումը, քանի որ մեկ տարուց ավելի է, ինչ հարցին կոնկրետ լուծում չի տրվում:
Առաջարկներ ներկայացրին նաեւ քննարկման այլ մասնակիցներ:
Նշենք, որ երեկ Քննչական կոմիտեից փորձել են այցելել Ամուլսար, սակայն ակտիվիստները թույլ չեն տվել` փակելով հանք տանող ճանապարհները: