Ամերիկյան IRI ընկերությունը սոցիոլոգիական հարցումներ է անցկացրել Հայաստանում. «Իմ քայլը» դաշինքի վարկանիշը 59%, վարչապետ Նիկոլ Փաշինյան` 56%, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան՝ 61%
Ամերիկյան IRI՝ Միջազգային հանրապետական ինստիտուտը սոցիոլոգիական հարցումներ է անցկացրել Հայաստանում։ Ըստ այդ հարցումների արդյունքների՝ «Իմ քայլը» դաշինքի վարկանիշը 59 տոկոս է, ԲՀԿ-ինը՝ 12, Հանրապետական կուսակցությանը՝ 5 տոկոս, վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 56 տոկոս է, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի վարկանիշը՝ 61 տոկոս:
Սոցիոլոգ Կարեն Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ որևէ սոցիոլոգիական հարցմանը հավատալու համար անհրաժեշտ է կազմակերպության գործունեության, ինչպես նաև անցկացված հարցման վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ունենալ. «Տեխնիկական տվյալներ՝ այն ամենը, որի հիման վրա այդ վերջնական պատկերը ստացվել է։ Որտե՞ղ է անցկացվել, ո՞ր օրերին, և ամենակարևորը՝ հարցերն ինչպե՞ս են ձևակերպվել»։
Ինչ վերաբերում է այն փաստին, որ նախագահի վարկանիշն ավելի բարձր է, քան վարչապետինը, Սարգսյանը նորից ընդգծեց՝ կարևոր է, թե հարցն ինչպես է ձևակերպված. «Այսինքն՝ կարող ես այնպես հարցը ձևակերպել, որ պատասխանը ենթադրի նման պատկեր։ Սրանք մեթոդիկաներ են, Պուտինի վարկանիշը մեկ 30 տոկոս է, մեկ էլ 70՝ կապված նրանից, թե հարցն ինչպես են ձևակերպում»։
Ըստ նրա՝ այժմ դաշտը դատարկ է, ու պետք է պատրաստ լինել, որ պարբերաբար նման հարցումներ կլինեն. «Եթե կան թերթեր, էլեկտրոնային մամուլ, հետևաբար ինչու ոչ՝ կարող է լինել նաև նման հետազոտություն։ Պետք է այս տվյալները կա՛մ վերլուծել ու ցույց տալ, որ կեղծ են, կա՛մ անտեսել։ Պետք է դնել հակառակ պահանջ՝ ներկայացրեք, թե ով է տնօրենը, հետազոտության ղեկավարը, ընտրանքի պատասխանատուն։ Երբ գիտական հոդված է տպագրվում, դրա մեջ ամեն ինչ գրվում է՝ թե՛ հեղինակին, թե՛ պատասխանատուին, թե՛ մեթոդաբանությունը։ Այդ ամենին համապատասխան տվյալներ պետք է ուզել, երբ սկսում ես ուզել՝ մեկ էլ հանկարծ պարզվում է, որ չունեն»։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր հոդվածում: