Եթե ՀԱԷԿ-ը միացված լիներ, ավելի հեշտ կլիներ. Հակոբ Վարդանյան
Էներգետիկ համակարգում երկու օր առաջ տեղի ունեցած վթարն այնքան մեծ էր, որ հնարավոր էր, որ համակարգը զրոյի նստեր, այսինքն ունենայինք էլեկտրաէներգիայի ամբողջական դադարում, որի վերականգնումը մի քանի օր կտեւեր: Այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին լրագրողների հետ զրույցում նշեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:
«Եթե մենք զրոյի չենք նստել ու ամենամինիմալ վիճակում ունեցել ենք 40-45 տոկոս էլեկտրաէներգիայի մատակարարում եւ վիճակն արագ կայունացվել է, նշանակում է, որ համակարգը լիովին պատրաստ էր»,-ասաց նա:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ վթարից անմիջապես հետո, երբ պարզ դարձավ, որ ռեակտիվ էներգիայի երկու մեծ աղբյուրները չեն գործում, ռեակտիվ էներգիայի ներմուծում է տեղի ունեցել Վրաստանից եւ Իրանից. «Դրա արդյունքում լարումը վերականգվեց, համակարգը չգնաց զրոյի, «Սեւան-Հրազդան» կասկադը շատ արագ վերականգվեց ու մտավ համակարգ»:
Հարցին, թե եթե ատոմակայանը այդ պահին միացված լիներ, հնարավո՞ր է վթարը ազդեր նաեւ ՀԱԷԿ-ի աշխատանքի վրա, փոխնախարարը պատասխանեց. «Եթե ՀԱԷԿ-ը միացված լիներ ավելի հեշտ կլիներ, որովհետեւ կունենայիք եւս մեկ ռեակտիվ էներգիայի աղբյուր: Մինչեւ վթարը ատոմակայանին հասնելը բազմաթիվ ռելեական սարքավորումներ կան, որոնք կաշխատեին, ինչպես աշխատեցին Երեւանի ՋԷԿ-ում եւ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկում»:
Հակոբ Վարդանյանը հայտնեց, որ նախարարության ներսում ստեղծվել է աշխատանքային խումբ ներսում ուսումնասիրություն կատարելու համար, որ հետագայում պատկերացում կազմեն իրենց շահագործման թերությունների, խնդիրների վերաբերյալ, եւ փորձեն դրանք շտկել: