Նուռնուսի «դաչաներում» ջրի խնդիրը լուծվում է. «Վեոլիա ջուր» (լուսանկարներ)
Ինչպես Operativ լրատվականին տեղեկացնում են «Վեոլիա ջուր» ընկերության մամլո ծառայությունոից, այսպես կոչված, Նուռնուսի «դաչաների» ջրի խնդիրն առաջիկայում կլուծվի:
Ընկերության հաղորդագրության մեջ ասվում է.
«Դեռեւս 30-40 տարի առաջ կառուցված Բյուրեղավան համայնքի մաս կազմող այս այգեգործական թաղամասը ջուր է ստանում ժամանակին ամառանոցների սեփականատերերի միջոցներով կառուցված անհատական ջրագծերով:
Բնականաբար, անցած տասնամյակներին դրանց զգալի մասը ֆիզիկապես մաշվել է: Արդյունքում վթարներն այստեղ հաճախակիացել են, ինչը հանգեցնում է ջրի արտահոսքի:
Սեփական բաշխիչ ցանցը սեփական միջոցներով արդիականացնելու փոխարեն ամառանոցային կամ անհատական տնատիրություններով կառուցապատված թաղամասերի բնակիչներն օգնությունն ակնկալում են ջրամատակարարից՝ նշելով, թե տան դարպասից այն կողմ տարածքն իրենցը չէ: Ավելին, բնակիչները համոզված են, որ այդ տարածքները պատկանում են ջրմուղին եւ բնակիչների սեփականություն հանդիսացող ջրագծերի նորոգումն ակնկալում են «Վեոլիա ջուր» ընկերությունից:
Ջրամատակարարն այս անգամ եւս ձեռք մեկնեց սպառողներին: Որոշում ընդունվեց վերանորոգել «Նուռնուս-Բյուրեղավան» ջրատարի շուրջ 80 մետր երկարությամբ այդ հատվածին միացած չորս տասնյակ վթարված անհատական ջրագծերը (ընդամենը՝ 100-120 բաժանորդ) եւ միացնել ընկերության միջոցներով կառուցվող շուրջ 200 մետր հեռավորության վրա գտնվող բաժանարար հանգույցին:
Հարկ է նշել, որ գործի ընթացքին խոչնդոտում էր նույն թաղամասի բնակիչների կողմից ոռոգման ջրի անկանոն օգտագործումը: Այգիները հեղեղած ջուրն, արտահոսելով, անանցանելի էր դարձրել ճանապարհն ու ողողել ընկերության շինհրապարակը:
Չուշացավ ջրի կորստի նման փաստից անհանգստացած բնակիչների բողոքը, որոնք կարծում էին, թե խոսքը խմելու ջրի մասին է: Ի վերջո, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ ահազանգով գործին միջամտեց Կոտայքի մարզպետարանը եւ ոռոգման համակարգը կարգի բերվեց:
Աշխատանքները ներկայումս ավարտական փուլում են»: