Սևանա լճի մակարդակի բարձրացումը պետք է իրականացվի ցանկացած գնով. ՀԲՃ (լուսանկարներ)
Ակադեմիայի էկոկենտրոնի գիտնականների հետազոտությունների արդյունքում կառուցած այս դիագրամմայում պարզ երևում է, թե ինչպես է 2002 թվականից հետո Սևանա լճի մակարդակի բարձրացմանը զուգընթաց նվազել ջրում քլորոֆիլ a-ի պարունակությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է տեղադրել Հայկական բնապահպանական ճակատը:
Հաղորդագրության մեջ նաև ասվում է.
«2011-20012թթ այն հասել է նվազագույն ցուցանիշների, իսկ դրանից հետո լճի մակարդակի բարձրացման կասեցման հետ միասին նորից սկսել է աճել և 2018-2019թթ նկատվել է կապտականաչ ջրիմուռների ինտենսիվ աճ։
Սա մեկ անգամ ևս ապացուցում է, որ լճի մակարդակի բարձրացումն այլընտրանք չունի և պետք է իրականացվի ցանկացած գնով։ Այս մասին նշված է նաև Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի դեռ 2009 թվականի հետազոտության մեջ․ «Լճային էկոհամակարգի վերակառուցումը ղեկավարող միակ ռադիկալ միջոցառումը լճի մակարդակի արհեստական բարձրացումն է Բալթիկ ծովի մակարդակից մինչև 1903.5 մ բարձրությունը»։